Լարվածությունն ադրբեջանական Սոյուդլու գյուղում պահպանվում է: Բնակչությունը պնդում է, որ տարածքում գործող ոսկու հանքի արտանետումները վնասակար ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Կառավարությունը հունիսի 27-ին գյուղ է ուղարկել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների լրացուցիչ ուժեր՝ 4 ավտոբուսով։
Տեղացիների խոսքով՝ ոստիկանությունը սպառնում է ուժով դադարեցնել ցանկացած նոր բողոքի ակցիա։ Սոցցանցերում շրջանառվող տեսանյութում երևում է, թե ինչպես է տարեց կինը հաստատում, որ Բահրամ անունով մի ոստիկան հրապարակավ հրահանգել է իրավապահներին «խփել կանանց սեռական օրգաններին», որպեսզի նրանք ամաչեն իրենց մարմնի վրա բռնության հետքերը ներկայացնել որպես ապացույց:
Երեկ կրկին գյուղ է ժամանել Սոյուդլուի համար ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևը։ Սակայն բնակիչներին նա հստակ ոչինչ չի ասել, միայն այն, որ արհեստական լճի, որտեղ թափվում են հանքավայրի թափոնները, հողից, օդից և ջրից վերցված փորձանմուշների արդյունքները պարզ կլինեն հունիսի 28-ին:
Բաքվում ակտիվիստները ստեղծել են «Սոյուդլու» աշխատանքային խումբ՝ պաշտպանելու տեղի բնակիչների իրավունքները։
Հունիսի 22-ից գյուղի մուտքն արգելափակված է, լրագրողներին ու ակտիվիստներին ներս չեն թողնում։