Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին Արցախի ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար»,- հայտնում են Արցախի ՊՆ-ից: