44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմին մասնակցությանը:
«Ես, իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում՝ իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել՝ ինքը որտեղ է, ու չեմ հետաքրքրվել: Ու դրա համար ունեցել եմ մի պատճառ. մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ՝ իմ որդին որտեղ է, նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում, ու ես գաղափար չեմ ունեցել, թե ինքը որտեղ է: Ինձ չի հետաքրքրել նույնիսկ՝ կարող է տարել, թիկունքային տեղ են պահում, առաջնագիծ է, վտանգավոր է թե չէ: Ես ինքս ինձ որպես ՀՀ վարչապետ, որպես քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրքրվել, թե իմ որդին որտեղ է, կամ օրը ավարտվեց, ինչ է տեղի ունենում:
Ես նոյեմբերի 9-ից հետո եմ հետաքրքրվել, երբ արդեն ինքը վերադարձել էր, տանն էր, և երբ, բնականաբար, պատերազմից հետո տարբեր խմբերի, այդ թվում՝ անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ հանդիպում էինք, հարցեր էին նույնիսկ տրվում, թե ոնց նա վերադարձավ, մյուսները չվերադարձան:
Այդ օրը ես գնացել եմ տուն և առաջին անգամ հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եղել այդ շրջանում, և այդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ է, առաջադրանք է իրեն տրված եղել առաջնագծում, և նա, փոքր խմբով լինելով, կարծեմ՝ ջոկի հրամանատար, հրետակոծության տակ է ընկել, և իր ծառայակիցը, որի հետ իրենք կա՛մ խրամատում, կա՛մ ուղղակի գետնին պառկած են եղել՝ մարմիններով իրար հպված, մյուս զինվորը զոհվել է, և հրետակոծությունից է զոհվել: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, որ բեկորը որոշել է, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյուս զինվորը զոհվի:
Այդ գնդից, որտեղ որդիս ծառայել է, 21 անձ զոհվել է պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Փաշինյանը: