Ընդդիմադիրներն իրենց ելույթներում ասում են՝ 2018-ին փոխվել է գնումների ռազմական պլանը, և գնումների ցուցակից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը: ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ ինչ-որ մի ՀՕՊ համակարգ դուրս մնացե՞լ է ռազմական գնումների պլանից, ՀՀ վարչապետը պատասխանեց, թե հակառակը՝ ձեռք են բերվել նաև «Оса-АК» հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Ռազմական ՍՌՏ պլանով եղել են «Տոր» համակարգեր, որ մենք ձեռք ենք բերել, և բացի դրանից՝ ձեռք ենք բերել «Оса-АК» համակարգեր, որի շուրջ շատ քննարկումներ կան: Ընդ որում՝ ես այդ քննարկումները չեմ փակում, թող քննարկվի»,- ասաց Փաշինյանը և մանրամասնեց, թե ինչքանով է վերջինս մարտունակ:
«2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, դուք հիշում եք, որ իսրայելական արտադրության «Հերմես» մակնիշի ԱԹՍ խոցվեց: Այդ սարքը խոցվել է հենց, ինչպես ինձ զեկուցվել է, «Оса-АК» համակարգերով: Իսկ երբ որ դա խոցվեց, եթե հիշում եք, դա համաշխարհային սենսացիա էր, թե հայերը ինչպես են կարողացել խոցել ԱԹՍ»,- ասաց նա և հավաստիացրեց, որ գրավոր տեղեկանք ունի, որ 2018-ին գնումների ռազմական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել:
Նախատեսվածից բացի, ըստ Փաշինյանի, նաև այլ ձեռքբերումներ էլ են եղել:
«Այլ բան, որ նշվածների մեջ հնարավոր է՝ եղել են ինչ-որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել: Ինչո՞ւ: Որովհետև դա մեր պլանն է, որ մենք պետք է ձեռք բերենք, բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որը միշտ չէ, որ մեր ձեռքբերման պլանի հետ համընկնում է: Եվ նաև սա է եղել պատճառը, որ մենք մտածել ենք, ասել ենք՝ լա՛վ, այս պահին ի՛նչ այլընտրանք կարող ենք ձեռք բերել:
Մենք այսօր էլ իրավիճակներ ունենք, որ նույնիսկ փողը փոխանցել ենք, բայց միջոցը չենք ստացել»,- ասաց նա: