«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տրամադրության տակ գտնվող ծանր տեխնիկան կփոխանցվի Ռուսաստանի զինված ուժերին,- հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Երկրի Անվտանգության դաշնային ծառայությունից էլ տեղեկացրել են, որ «Վագների» դեմ զինված ապստամբության փաստով հարուցված գործը կարճվել է: Կառույցից հավելել են, որ հետաքննության կարիք չկա, որովհետև հանցավոր գործողությունները հունիսի 24-ին դադարեցվել են: Նախագահ Պուտինն իր ուղերձում ժողովրդին շնորհակալություն է հայտնել միասնականության և հայրենասիրության համար:
ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ռուսաստանի նախագահն ուշ երեկոյան հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով, անդրադարձել երկրում հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության անհաջող փորձին: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին՝ խաղաղ կարգավորման գործում միջնորդական ջանքերի համար:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի քաղաքացիներին՝ տոկունության, միասնականության և հայրենասիրության համար, որոնց շնորհիվ ցանկացած շանտաժ, ներքին խժդժություն առաջացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։
Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով սեփական երկիրը, ժողովրդին, դավաճանեցին նաև նրանց, ում ներքաշել էին այդ հանցագործության մեջ։ Նրանց խաբել են, ստիպել կրակել յուրայինների վրա։
Պուտինը հավելել է՝ Մոսկվայում գիտեն, որ Վագների մարտիկները մեծմասամբ հայրենասերներ են և ապացուցել են դա մարտի դաշտում։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Այդ իսկ պատճառով հենց սկզբից իմ անմիջական ցուցումով քայլեր են ձեռնարկվել արյունահեղությունից խուսափելու համար։ Դրա համար ժամանակ պահանջվեց, այդ թվում՝ սխալ գործածներին հնարավորություն տրվեց նորից մտածելու, հասկանալու, որ հանրությունը մերժում է նրանց գործողությունները:
Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության կամ այլ իրավապահ մարմինների հետ, կամ վերադառնալ ձեր ընտանիքի և ընկերների մոտ։ Ով ուզում է, կարող է հեռանալ Բելառուս։
Հատկանշական է, որ դրան ընդառաջ ռուսական մի շարք նույնիսկ պետական լրատվականներ տարածեցին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, թե Պուտինի ակնկալվող ելույթը «ոչ ավել, ոչ պակաս, կկանխորոշի Ռուսաստանի ճակատագիրը»։ Ավելի ուշ, Պեսկովը ֆեյք անվանեց ԶԼՄ-ների հրապարակումները: «Պուտինի ելույթի ճակատագրական նշանակության մասին ոչինչ չեմ ասել», - նշել է նա։
ՊՈՒՏԻՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Ուղերձից հետո նաև հայտարարվեց, որ Վլադիմիր Պուտինը աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի գլխավոր դատախազը, Կրեմլի աշխատակազմի ղեկավարը, ՆԳ և ՊՆ նախարարները, Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը, Ազգային գվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարները:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին վերջին օրերին կատարած աշխատանքի համար և առաջարկել վերլուծել Ռուսաստանում հունիսի 24-ին տեղի ունեցածը։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌԴ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՀԵՏ. ԲԱՅԴԵՆ
Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության մասին առաջին անգամ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա վստահեցրել է, որ Արևմուտքը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես այդ օրը Zoom-ով խոսեցի մեր հիմնական դաշնակիցների հետ: Նրանք համաձայնեցին, որ մենք չպետք է Պուտինին առիթ տանք՝ մեղադրելու Արևմուտքին, ՆԱՏՕ-ին: Մենք ներգրավված չենք եղել, դա ռուսական համակարգի ներքին պայքար էր: Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Բայդենը հավելել է՝ կշարունակեն գնահատել Ռուսաստանում տեղի ունեցածի հնարավոր հետևանքները, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել՝ ուր է տանում այս ամենը:
ԲՈՐԵԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԴ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թեմային անդրադարձել է նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ շեշտել՝ տեղի ունեցածը ցույց է տալիս Ռուսաստանի քաղաքական համակարգի և ռազմական ուժի թույլ կողմերը, ինչը կարևոր է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում:
Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Ռուսաստանը այս մոլորակի ամենամեծ միջուկային տերություններից է, մենք չենք կարող անտարբեր լինել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և դա մեզ պետք է մտածելու առիթ տա:
Եվրոպայի համար բավական վտանգավոր կլիներ, եթե կործանվեր միջուկային զենքի ամենամեծ զինանոց ունեցող աշխարհի ամենամեծ երկիրը:
ՊՐԻԳՈԺԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ
Հունիսի 24-ից հետո առաջին անգամ Եվգենի Պրիգոժինը ևս հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել զինված ապստամբության շարժառիթները: Նրա խոսքով՝ խարդավանքների պատճառով «Վագները» պետք է դադարեցներ գործունեությունը հուլիսի 1-ից, սակայն մարտիկները համաձայն չէին պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ: Նրա խոսքով՝ ապստամբությունը գործող իշխանությունը տապալելու նպատակ չի ունեցել:
«Մեր նպատակն էր կանխել «Վագների» ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ոչ պրոֆեսիոնալ գործողություններով սխալներ թույլ տվեցին հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- նշել է Պրիգոժինը՝ հավելելով, որ իրենց գործողությունները ի ցույց դրեցին երկրում անվտանգության ոլորտում առկա լուրջ խնդիրները։ Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ Եվգենի Պրիգոժինն արդեն Մինսկում է: