Շոգերի ու պաղպաղակի սեզոնի ակտիվանալու հետ՝ օրեր առաջ ստուգել են շուկայում վաճառվող տեղական և ներկրված ամբողջ տեսականին՝ սպառողին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Որոշ արտադրողների մոտ բացակայել է ռուսերեն մակնշումը, մի քանի դեպքում պահպանման ժամկետը կա՛մ չի նշվել, կա՛մ անընթեռնելի է եղել։ Կաթնայուղի փոխարինիչի հետ կապված լուրջ խախտում չի հայտնաբերվել։
Պաղպաղակի դեպքում գուցե իմաստ չունի, բայց պանիր և թթվասեր արտադրելիս տնտեսվարողները շարունակում են բուսական յուղ խառնել-օգտագործել ու հաճախ թաքցնում են այդ փաստը՝ իրենց իրականացրած ստուգումներն են ամփոփում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Տիգրան Մարկոսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Որոշները կարծես հմտացել են կամ փորձում են հնարամիտ քայլի գնալ՝ ո՛չ գրում են այս անվանումը, ոչ էլ այն, բայց ապրանքն այնպես են մատուցում, իբրև թե պանիր է: Բայց դա ևս խնդիր է, որովհետև տեխնիկական կանոնակարգի տեսանկյունից պարտավոր են գրել, որ կա բուսական յուղ, սրա արձանագրումներ ևս ունենք, տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության:
Ըստ Տիգրան Մարկոսյանի՝ եղել են նաև ապրանքի անունը գրող, փոխարինչի առկայությունը չնշողներ։ Խախտումների մյուս խումբը հենց իր՝ բիզնեսի կողմից ֆիքսած յուղանության միջակայքը չպահպանելն է։ Սա վերաբերում է հիմնականում պանիր-թթվասերին․ կաթնաշոռի դեպքում յուղայնությունը ցածր է՝ խառնուրդի կարիք չկա, կարագի արտադրությունում էլ վերջին շրջանում արդեն խնդիր չի լինում՝ արձանագրում է հանձնաժողովի անդամը։ Փաստում՝ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները նախորդ տարիների համեմատ նկատելիորեն պակասել են։ Այս անգամ, երբ ստուգումների համար կաթնամթերքի շուկայում աննախադեպ մեծ գումարի՝ 300 հազար դրամի հսկիչ գնում էին արել, ընդհանուր վերցրած 17 վարույթ են հարուցել, նշանակել 34 մլն դրամի տուգանք։
Նշանակված տուգանքներից ամենախոշորը, կախված բիզնեսի նախորդ տարվա հասույթից, կազմում է 17 մլն դրամ։