44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պատգամավորները Փաշինյանից հետաքրքրվեցին նաև, թե ում առաջարկով և ինչ հիմնավորմամբ են 2019-20 թվականներին կրճատվել 1-ին բանակային կորպուսի զորամասերը, ինչպես նաև ստեղծվել Զինված ուժերի դեսանտագրոհային չորս գումարտակները: Վարչապետը հայտնեց՝ գումարտակները ստեղծելու որոշումը հիմնավորվել է բանակի շարժման արագությունը մեծացնելու հանգամանքով: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ շարժունակությունն ամենամեծ խնդիրն է, քանի որ շատ դեպքերում զոհեր են եղել ոչ թե մարտի ընթացքում, այլ տեղաշարժվելիս:
«Առաջին ինֆորմացիան այն էր, որ ինչ-որ խումբ ներթափանցել է ինչ-որ տարածք: Հետո գնահատականն այն էր, որ լավ, դա փոքր, 4-5 հոգանոց խումբ է, մեծ պրոբլեմ չէ, կլուծվի: Հետո պարզվում էր, որ այդ խումբը դժվար գտնելի է: Այսինքն՝ գիտենք, որ խումբ կա տարածքում, բայց կոնկրետ որտեղ է, այդ խմբին գտնելը հեշտ չէ: Հետո մինչև ՊԲ-ն զբաղվում էր, համենայն դեպս, ինձ զեկուցված տեղեկությամբ, այդ խմբին գտնելով, հայտնվում էր երկրորդ, հետո՝ երրորդ, չորրորդ խումբը, այսինքն՝ շարժումը տեղի էր ունենում ոչ թե 100-ավոր հոգիներով, այլ 4, 5, 10 հոգանոց խմբերով:
Պատերազմի ընթացքում մեր արձանագրած ամենամեծ պրոբլեմն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելություն»,- ասել է վարչապետը: