Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Յուրիկ Հովեյանը 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:
Վիգեն Նազարյանն 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտել է Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ և 4-5 հաշվով ցավալի պարտություն կրել՝ արժանանալով արծաթե մեդալին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարի նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, իսկ Գասպար Տերտերյանը (67 կգ) վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: