Որքանով է առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողը կարողանում հասնել այն բանին, որ իր տեղամասում հաշվառված բնակչությունը հիվանդությունները կանխարգելելու նպատակով ավելի հաճախ այցելի պոլիկլինիկա, ինչպես է վերահսկում քրոնիկ հիվանդությունները, արդյոք արդարացված են ուղեգրումները հիվանդանոց, ինչ հաջողություններ ունի պատվաստումների ոլորտում: Ավելի քան 30 այսպիսի ցուցանիշներից կախված՝ թերապևտներն ու բուժքույրերը, աշխատավարձից բացի, բոնուսային վարձատրություն են ստանում:
Ահարոն Բարսեղյան (ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ) - Բոնուսային վարձատրության համար պետական բյուջեից ուղղվում է շուրջ 2.4 մլրդ դրամ: Համեմատության համար ասենք, որ սա մոտավորապես 5 ու կես անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա փաստացի հատկացված ֆինանսավորումը: Եթե 2022 թվականին առաջնային օղակի բուժաշխատողների բոնուսային վարձատրության համար հատկացվել էր 416 մլն դրամ, ապա այս տարի այդ ֆոնդը կազմում է 2.4 մլրդ դրամ:
Նախորդ տարի գործարկված ծրագրով բոնուսները հաշվարկվում են 32 ցուցանիշով: Վճարումը կիսամյակային է: Այս տարի ևս մեկ ծրագիր է ավելացել՝ 4 ցուցանիշով, բայց շատ ավելի մեծ բյուջեով: Վճարումը եռամսյակային է: Բոնուսային վարձատրություն մինչև այժմ ստացել է մոտ 1 130 բժիշկ և նրանց հետ աշխատող նույնքան էլ բուժքույր: Խոսքն ընդհանուրի մոտ 70 տոկոսի մասին է: Բոնուսային վարձատրությունը կարող է կազմել ամսական աշխատավարձի մինչև 45 տոկոսը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ասում է՝ բոնուսների միջոցով աշխատավարձի բարձրացումը բարեփոխումների փաթեթի մի մասն է:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Դրանցից են և էլեկտրոնային առողջապահության դերի բարձրացումը, և որակական, մասնագիտական զարգացումը, ինչպես նաև շենքային, գույքային պայմանների բարելավումը և նաև աշխատավարձային:
Փոխնախարարը վստահեցնում է՝ հիվանդանոցների ուղեգրումները կրճատելու քաղաքականությանը զուգահեռ` աշխատում են պոլիկլինիկաներում ավելացնել առաջարկվող ծառայությունների քանակն ու որակը:
Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում բոնուսային վարձատրություն ստացել են բոլոր 24 թերապևտներն ու 24 բուժքույրերը: Այստեղ բոնուսները հիմնականում կազմել են աշխատավարձի մոտ 35 տոկոսը:
Մարինե Օսիկյան (Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի բուժական գծով տեղակալ) - Թերապևտները, որոնք որ աշխատել են շատ, ստացել են շատ, ովքեր` քիչ, պարզ է, որ ավելի քիչ են ստացել: Բայց բոլորը մասնակցել են այդ բոնոսային համակարգին և ստացել իրենց համապատասխան գումարը:
Սուսաննա Դարբինյան (Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ) - Ելնելով իմ տեղամասային ցուցանիշներից` ստացել եմ աշխատավարձի 35 տոկոսը:
Թերապևտ Դարբինյանի եռամսյակային բոնուսը կազմել է 100 հազար դրամ, կիսամյակայինը քիչ է եղել՝ 35 հազար: Ասում է՝ վճարման նոր համակարգը խթանում է ավելի շատ ու արդյունավետ աշխատել՝ զանգահարել, հերթական բուժզննության հրավիրել, օրինակ, զարկերակային հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտներին:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են՝ որպեսզի ոչ իրական այցելություններ պոլիկլինիկաներում չգրանցվեն, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում հնարավորություն է ստեղծվել, որ պացիենտը նման նշում տեսնելու դեպքում այդ մասին տեղեկացնի նույն «Արմեդ»-ի միջոցով:
Հեղինակ` Աննա Զախարյան