ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Շնորհավորելով Նորա Արիսյանին` նախարարը նշել է, որ երկու ժողովուրդների միջև առկա են ավանդական, բարեկամական հարաբերություններ, սակայն առողջապահության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու կարիք կա:
Դեսպանը նշել է, որ Սիրիայի` տասը տարուց ավելի տևած պատերազմից առավելապես տուժել է առողջապահության ոլորտը, կան բազմաթիվ խնդիրներ: «Թեև վերջին տարիներին փորձեր են արվում վերականգնելու Սիրիայի առողջապահական համակարգի բնականոն աշխատանքը` Հայաստանում առաջապահության ոլորտը բավականին արագ զարգանում է, ուստի ձեր փորձն ու բարեկամական օժանդակությունը Սիրիայի համար կարևոր են»,- ասել է նա:
Կոնկրետ ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար նախարարն առաջարկել է մշակել նախագիծ և ակտիվացնել համագործակցությունը:
«Հայաստանը սիրով ընդունել է Սիրիայից ուսանողների, որոնք նաև կամուրջ են երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Ուստի պատրաստ ենք շարունակելու աջակցությունը` մեր երկրում նրանց բժշկական կրթությունը կազմակերպելու հարցում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: