Հունիսի 27-28-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված ծրագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ միջոցառումներին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Հունիսի 27-ին տեղի կունենա Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ընթերցվելու է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Գիտաժողովի հիմնական զեկուցողը հայագետ Ժան-Պիեր Մահեն է: Զեկույցներով հանդես կգան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռի ներկայացուցիչները:
Գիտաժողովին ներկա կգտնվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյաներ, Ֆրանսիայի գիտական հանրության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Գիտաժողովին զուգահեռ, նույն օրը՝ հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կբացվի Ներսես Շնորհալուն նվիրված ցուցադրությունը: Հանդիսավոր բացմանը ներկա կլինի և ելույթով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ցուցադրության ընթացքում ներկայացվելու են Ներսես Շնորհալու գրավոր ժառանգությունը՝ լուսապատճենների տեսքով: Ներկայացվելու է 12 մեծ ցուցապաստառ՝ անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով: Ցուցահանդեսը այցելուների համար կգործի հունիսի 26-ից հուլիսի 3-ը:
Հունիսի 28-ին տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի նշանավորման շրջանակում:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են թեմատիկ բովանդակությամբ կատարումներ՝ այդ թվում՝ Սբ Ներսես Շնորհալու, Կոմիտասի (հոգևոր և աշխարհիկ), Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Վոլֆրամ Բուխենբերգի ստեղծագործությունները և մեկ բուզանդական շարական։ Համերգը կղեկավարեն Սոնա Հովհաննիսյանը և Նարինե Ոսկանյանը։
Համերգային ծրագիրը կզուգակցվի կատարումներից յուրաքանչյուրի համար ստեղծված հատուկ տեսապատկերային բովանդակությամբ։ Համերգին ներկա են գտնվելու հավատարմագրված դեսպաններ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հյուրեր: