Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մրցումային առաջին օրվա արդյունքներով եզրափակչի երկու մասնակից ունի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հին աշխարհամասի առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:
Յուրիկ Հովեյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել չեխ Մաթուս Ջանկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Հովեյանը 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն 12-1 հաշվով շանս չի տվել թուրք Ֆուրկան Էրկենին: Եզրափակչում Հովեյանը կգոտեմարտի Մոլդովան ներկայացնող Վիտալի Երոմիենկոյի հետ:
Վիգեն Նազարյանը 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ: Նազարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը նույն հաշվով առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3-1 հաշվով ուժեղ է գտնվել Շվեդիան ներկայացնող թուրք ըմբիշ Համզա Սերտջանլիից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը մեկնարկում տարած երկու հաղթանակներից հետո կիսաեզրափակչում զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին և կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Իսկ 77 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Երեկ մրցագորգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ՝ 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը պարտվել է մեկնարկում և լքել պայքարը։
Այսօր՝ հունիսի 27-ին, ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Մելկամու Ֆետենեի հետ, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը որակավորման փուլում կգոտեմարտի ռումինացի Լեոնարդ Պետրուի հետ, 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի շվեդ Կառլ Էդվինը, 82 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը որակավորման փուլում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Դաթա Չխաիձեի հետ, իսկ 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի և Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ: