Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ 82 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Վահե Գրիգորյանը բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատաոճի հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
«Հայաստանի հավաքականները վիզաների դիմում են ներկայացրել Հայաստանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոն՝ (BLS) մայիսի 18-ին, հավաքականների բոլոր մարզիկների և մարզիչների անձնագրերը ժամանակին հասել են Երևան՝ բացառությամբ Վահե Գրիգորյանի անձնագրի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հնարավոր ամեն ինչ արել է` կապ հաստատելու Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատուն` ներկայացնելով մրցման կարևորությունը, սակայն, ապարդյուն: Գրիգորյանի անձնագիրը մինչև օրս դեռ Հայաստանում չէ:
Եվ սա առաջին դեպքը չէ. 2022 թվականին նույն իրավիճակում էր հունահռոմեական ոճի ըմբիշ Գագիկ Հակոբյանը: Ֆիլմի սցենար հիշեցնող իրադարձություններով՝ Հակոբյանը վերջին վայրկյաններին հենց օդանավակայանում ստացավ անձնագիրը և մեկնեց, սակայն թիմից առանձին: Նույնը եղավ այս տարի, դիմել էինք նույն դեսպանատուն և կից նամակ գրել, որ մարզիկները պատրաստվում են մեկնել այլ երկիր՝ հավաքների և անձնագրերը մեզ անհրաժեշտ են հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ապարդյուն` արդյունքում մեծ տուգանքներ ենք վճարել, տոմսեր փոխել և այլն:
Ֆինանսական մեծ կորուստներից զատ, ավելի կարևոր է մեր մարզիկի բարոյահոգեբանական վիճակը: Նրանից սպասելիքներն ավելի քան մեդալային էին: Մարզիկը միշտ չէ, որ կարող է հնարավորություն ունենալ մասնակցելու նման կարևոր առաջնության:
ՀԸՖ-ն դիմել է նաև ՀՀ-ում եղած բոլոր պատկան կառույցներին, սակայն այն փաստի պատճառով, որ դեսպանատունը ՌԴ-ում է, ոչ թե՝ ՀՀ-ում, օգնել ոչնչով չեն կարողացել»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: