Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էբրահիմ Ռաիսին և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հունիսի 24-ին Ռուսաստանում զինված ապստամբության ֆոնին երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Էբրահիմ Ռաիսին լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի իշխանությանը: Նախագահները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հեռանկարը՝ ընդգծելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը։
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՋԱՄՇԻԴԻ
Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդին մանրամասներ է հայտնել Ռաիսի-Փաշինյան և Ռաիսի-Պուտին հեռախոսազրույցների մասին: Նա նշել է, որ Իրանի նախագահը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ զրույցներում ողջունել է տարածաշրջանում խաղաղ բանակցությունները և հայտարարել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները և Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայությունը կվնասեն տարածաշրջանի անվտանգությանը:
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՆՈՐ ԱԹՍ-ՆԵՐ ԿԳՆԻ. ՀԱՍԱՆՈՎ
Ադրբեջանն ավարտել է Թուրքիայի զինված ուժերի մոդելով բանակի զարգացման աշխատանքների 70%-ը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Զաքիր Հասանովը նշել է, որ առաջիկայում Բաքուն Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր կգնի, ակնկալվում է նաև Ադրբեջանի տարածքում թուրքական ԱԹՍ-ների արտադրություն սկսել: Հասանովը նաև տեղեկացրել է, որ Բաքուն հրթիռային համակարգեր է գնում՝ բանակի առջև դրված նոր խնդիրները լուծելու և Ադրբեջանի դեմ հնչող սպառնալիքներին արձագանքելու համար:
Խոսելով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է.
«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը շուրջ 6 խոշոր գործողություն է իրականացրել պայմանական պետական սահմանին և ռազմավարական բարձունքներ է գրավել, ինչը հնարավորություն է տալիս ազդել հենց Հայաստանում զորքերի տեղաշարժի և մատակարարումների վրա»:
Նրա խոսքով` Ադրբեջանը Հայաստանին խաղաղության իր պայմաններն է առաջարկել, և եթե դրանք չընդունվեն, ադրբեջանական կողմը կմնա այնտեղ, որտեղ այժմ գտնվում է:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին, հայտարարել, թե մանրամասն հետախուզական տվյալներ ունեն նրա կարողությունների, ռեսուրսների մասին, և սպառնացել, թե մեկ կորպուսով կարող են չեզոքացնել այն:
ԻՐԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ՝ ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թեհրանի և Բաքվի հարաբերություններին, նշել՝ դրանք բնականոն հուն վերադարձնելու համար դիվանագիտական գործընթաց է սկսվել:
Մեկնաբանելով Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը՝ Քանանին տեղեկացրել է, որ դիվանագետները քննարկել են երկու երկրի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման դինամիկան, Իրանի և Ադրբեջանի հյուպատոսական հարաբերությունները և ընդգծել շփումները շարունակելու կարևորությունը:
Քանանին նաև վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:
«Իսկ Ռուսաստանի տարածքում զարգացումները համարում ենք այդ երկրի ներքին խնդիրը», - հավելել է պաշտոնյան։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերսկսման մասին վերջերս ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունները Քանանին հրաժարվել է մեկնաբանել։
ՊՐԻԳՈԺԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 24-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքն է առաջարկել օգնել` լուծելու Ռուսաստանում ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, ապա անխուսափելիորեն արյունահեղություն կլիներ։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները փորձում են հասկանալ՝ արդյոք Արևմուտքը ներգրավված է եղել հունիսի 24-ի դեպքերին:
Հիշեցնենք՝ օրերս «Վագներ»-ի շարասյունը Ռուսաստանում զինված ապստամբության անհաջող փորձից հետո լքել է Դաշնության տարածքը: Մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցելուց հետո, մեկնել է Բելառուս: Լրատվականները հայտնում են, որ նրան տեսել են Մինսկի հյուրանոցներից մեկում:
Հունիսի 24-ից հետո առաջին անգամ Եվգենի Պրիգոժինը հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել իր շարժառիթները: Նրա խոսքով՝ խարդավանքների պատճառով «Վագները» պետք է դադարեցներ գործունեությունը հուլիսի 1-ից, սակայն մարտիկները համաձայն չէին պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ: «Վագներ»-ի ճամբարին ռուսական հրթիռային հարվածները, որոնց հետևանքով սպանվեց 30 մարտիկ, ընկերությանը ստիպեցին գործել:
Եվգենի Պրիգոժին («Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար) - 1 օրվա ընթացքում 780 կմ անցանք, Մոսկվայից շուրջ 200 կմ հեռավորության վրա էինք: Մենք կանգ առանք այն պահին, երբ ակնհայտ դարձավ, որ շատ արյուն է թափվելու։ Գործող իշխանությունը տապալելու նպատակ չունեինք: Մեր նպատակն էր կանխել «Վագների» ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ոչ պրոֆեսիոնալ գործողություններով սխալներ թույլ տվեցին հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Եվ այսպես, Լուկաշենկոն առաջարկեց լուծումներ գտնել՝ շարունակելու «Վագների» աշխատանքը օրենքի դաշտում: Մեր երթը ի հայտ բերեց երկրում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրները:
Պրիգոժինի խոսքով՝ եթե ռուսական ուժերը 2022 թվականի փետրվարի 24-ին «Վագներ»-ի խմբի պես կազմակերպված գործեին, հատուկ ռազմական գործողությունը գուցե ընդամենը 1 օր տևեր: