ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Վլադիմիր Պուտինը շարունակում է ուղերձները հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության վերաբերյալ՝ անդրադառնալով դրա ընթացքին, ուժայինների գործողություններին և ճգնաժամի հանգուցալուծմանը:
Կրեմլի հրապարակում նա ուղերձով դիմել է պաշտպանության նախարարության, Ազգային գվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներին:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Դուք փրկել եք մեր Հայրենիքը ցնցումներից, փաստացի կանգնեցրել եք քաղաքացիական պատերազմը։ Ցավոք, ապստամբների հետ առճակատման ժամանակ զոհվել են մեր օդաչուները։ Բայց ապստամբության մեջ ներքաշված մարդիկ տեսան, որ բանակն ու ժողովուրդն իրենց հետ չեն։
Պաշտպանության նախարարության զինծառայողների հետ հանդիպմանն էլ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվայում միշտ հարգել են «Վագների» մարտիկներին ու հրամանատարներին, և որ ընկերության ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովել է պետությունը:
Վլադիմիր Պուտին - Միայն 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիսը պետությունը բյուջեից 86 միլիարդ 262 միլիոն ռուբլի է հատկացրել «Վագների» համար։ Ապահովագրական վճարների համար էլ տրամադրվել է ավելի քան 110 միլիարդ ռուբլի: Հուսով եմ՝ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ գոնե քիչ է գողացել: Համենայն դեպս, այս հարցով կզբաղվենք:
ՌՈՍԳՎԱՐԴԻԱՅԻ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԾԱՆՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ԶՈԼՈՏՈՎ
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Ազգային գվարդիայի ղեկավարը: Վիկտոր Զոլոտովը չի բացառել, որ Պրիգոժինին զինված ապստամբության է դրդել հենց Արևմուտքը: Նա հավելել է, որ Վագների խումբը շատ արագ տեղաշարժվել է Ռուսաստանի տարածքով, քանի որ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են եղել Մոսկվայի մերձակայքում:
Զոլոտովի խոսքով՝ տեղի ունեցածից հետո, ՌԴ նախագահի հետ խորհրդակցության արդյունքում, որոշում է կայացվել Ռոսգվարդիայի ուժերը համալրել ծանր տեխնիկայով, այդ թվում՝ տանկերով:
«ՎԱԳՆԵՐԻ» ՄԱՐՏԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Զինված ապստամբության վերաբերյալ ելույթ է ունեցել նաև Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում սպաների պարգևատրման ժամանակ հաստատել է՝ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսում է: Նա շեշտել է՝ «Վագների» մարտիկներից վախենալ պետք չէ, նրանց մարտական փորձը օգտակար կլինի Բելառուսի համար:
Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - «Վագների» մարտիկները դեռ Լուգանսկում են: Նրանցից ոմանք մտադիր են պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ։ Պրիգոժինին առաջարկել եմ բելառուսական լքված զորամասերից մեկը՝ որպես «Վագներ»-ի ճամբար, սակայն Բելառուսի տարածքում զինյալների հավաքագրման կետեր չեն լինի:
Բելառուսի նախագահը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է իր պահանջներից, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնանկության պահանջից։ Լուկաշենկոն նաև կարծիք է հայտնել, որ Շոյգուին երբեմն անտեղի քննադատում են.
«Իսկ նա շատ բան է արել», - ասել է Բելառուսի նախագահը:
Նա հայտարարել է՝ եթե Ռուսաստանը որպես պետություն փլուզվի, «բոլորը կմնան փլատակների տակ»։ Նա մտահոգություն է հայտնել, որ համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այնքան մեծ չի եղել, որքան այսօր։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌԴ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՀԵՏ. ԲԱՅԴԵՆ
Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության մասին առաջին անգամ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա վստահեցրել է, որ Արևմուտքը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես այդ օրը Zoom-ով խոսեցի մեր հիմնական դաշնակիցների հետ: Նրանք համաձայնեցին, որ մենք չպետք է Պուտինին առիթ տանք՝ մեղադրելու Արևմուտքին, ՆԱՏՕ-ին: Դա ռուսական համակարգի ներքին պայքար էր: Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի աջակցել Ուկրաինային:
Բայդենը հավելել է՝ կշարունակեն գնահատել Ռուսաստանում տեղի ունեցածի հնարավոր հետևանքները, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել՝ ուր է տանում այս ամենը:
ԲՈՐԵԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԴ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թեմային անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, շեշտել՝ տեղի ունեցածը ցույց է տալիս Ռուսաստանի քաղաքական համակարգի և ռազմական ուժի թույլ կողմերը:
«Այնուհանդերձ, Եվրոպայի համար բավական վտանգավոր կլիներ, եթե կործանվեր մոլորակի ամենամեծ միջուկային տերություններից մեկը», - նշել է Բորելը:
ՊՐԻԳՈԺԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ
Երեկ՝ հունիսի 24-ից հետո առաջին անգամ, Եվգենի Պրիգոժինը ևս հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել զինված ապստամբության շարժառիթները: Նրա խոսքով՝ ապստամբությունը գործող իշխանությունը տապալելու նպատակ չի ունեցել:
«Մեր նպատակն էր կանխել «Վագների» ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ոչ պրոֆեսիոնալ գործողություններով սխալներ թույլ տվեցին հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- նշել է Պրիգոժինը՝ հավելելով, որ իրենց գործողությունները ի ցույց դրեցին երկրում անվտանգության ոլորտում առկա լուրջ խնդիրները։