Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ողջունելով հյուրերին՝ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը՝ այդ համատեքստում կարևորելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպոլի միջև կնքված աշխատանքային պայմանավորվածության համաձայնագիրը՝ ուղղված ԵՄ անդամ երկրների և ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը։
Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության դերը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում, Դատախազության առաջնահերթություններն ու ողջունել համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հանցավորության դեմ արդյունավետ պայքարին հատկապես փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: