Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հյուրն է: Եվրամիության անդամ 27 երկրներին ահաբեկչության, կիբեռհանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում աջակցող կառույցի ղեկավարի հետ Աննա Հակոբյանը քննարկել է բարձր պաշտոններում կանանց ներգրավմանը, նրանց կարողությունների ու ներուժի բացահայտմանն առնչվող հարցեր:
Վարչապետի տիկինը զրուցակցին պատմել է «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու է հոկտեմբերի 19-20-ը Երևանում:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Ցանկանում եմ նշել, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ առաջնորդներ, նախարարներ, առաջին տիկիններ, արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը գագաթնաժողովին, և մեծ սիրով հրավիրում եմ նաև Ձեզ և հուսով եմ, որ հոկտեմբերին կմասնակցեք միջոցառմանը:
Քեթրին դը Բոլ (Եվրոպոլի գործադիր տնօրեն) - Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, վստահ եմ, որ գագաթնաժողովն արդյունավետ է լինելու: Կփորձեմ անել առավելագույնը միջոցառմանը ներկա լինելու համար:
Աննա Հակոբյանն ու Քեթրին դը Բոլը համակարծիք էին, որ պետք է ավելացնել կանանց ներգրավվածությունը երեխաների կյանքեր փրկելու հարցում՝ արձանագրելով փաստը, որ վերջին տարիների պատերազմների ընթացքում զոհվել են հարյուրավոր երեխաներ: Իսկ դա, Աննա Հակոբյանի բնորոշմամբ, աններելի է:
Աննա Հակոբյան - Աշխարհի տարբեր ծայրերում այսօր պատերազմներ են, որոշ տարածաշրջաններում մեծ է ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը, և այս ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնող, բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք միավորվեն, լուծում գտնեն ու աշխարհն ավելի անվտանգ դարձնեն: Սա է գագաթնաժողովի նպատակը:
Այս հարցերն Աննա Հակոբյանը բարձրացրել է նաև Բելգիայում հունիսի սկզբին, երբ մասնակցում էր «Կին քաղաքական առաջնորդներ» 2023 գագաթնաժողովին: Հակոբյանի պնդմամբ՝ Երևանյան գագաթնաժողովը լավ հարթակ կլինի մտքեր փոխանակելու, վերլուծելու, վտանգները վերհանելու և դրանց դեմ պայքարելու գործիքակազմը հասկանալու համար: