Մի բան է խնդրի հետ առերեսվելը, մեկ այլ բան՝ այդ խնդրի հետ ներդաշնակվելը: ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե հանրության և, մասնավորապես, նախկին քաղաքական գործիչների մոտ հարցեր են առաջացել՝ ինչո՞ւ այն ամենի մասին, ինչ ներկայացրեց ՀՀ վարչապետը նախորդ նիստին, հանրությանը չէր ներկայացվել 2018-19-ին:
Ըստ վարչապետի՝ 2018-19 թվականներին իր առաջնային խնդիրը բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, խնդիրներով ու հնարավորություններով հասկանալն է եղել:
«Իսկ ինչո՞ւ 2019-ին այս ամենի մասին հրապարակային չի խոսվել այս ձևով: Որովհետև հրապարակային ես խոսել եմ: Նախորդ անգամ ես ներկայացրի 2019 թվականի մարտի 12-ի՝ ԼՂ-ի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած ելույթը, որտեղ, ըստ էության, իմ այսօրվա ասելիքի մի մասը ես հրապարակել եմ: Բայց, մյուս կողմից, եթե հարց է հնչում, թե ինչու ամբողջական չի ասվել 2019 թվականին, կա հետևյալ մի հարց, երկու հարց կա. իսկ որո՞նք էին լինելու այդ ասելիքն ասելու հետևանքները և արդյունքները: Եվ հաջորդ հարցը հետևյալն է՝ ո՞րն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո, և այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ որքանով էի ես ներդաշնակ:
Ուրիշ բան է տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է՝ ներդաշնակվել այդ իրողության հետ, համաձայնվել այդ իրողության հետ կամ այդ իրողությունը որդեգրել՝ որպես քաղաքականություն: Սրանք երկու տարբեր բաներ են, և իհարկե, ես համարում եմ՝ այդ հարցը լեգիտիմ է, այդ հարցը ես էլ եմ ինքս ինձ շատ հաճախ տալիս»,- ասաց նա և հարց բարձրաձայնեց՝ որն էր լինելու այդ ասելիքը ասելու հետևանքը՝ պատերա՞զմը, թե՞ խաղաղությունը:
«...Որովհետև դա, ըստ էության, ընթացող բանակցային գործընթացի կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը հրապարակային բացելն էր, դրա ներքին հետևանքները, տարածաշրջանային հետևանքները, միջազգային հետևանքները:
Եվ էլի եմ ասում՝ մի բան է այդ խնդրի հետ առերեսվել, և ուրիշ բան է՝ այդ խնդրի հետ ներդաշնակվել: Համենայնդեպս, ես այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ, բայց նաև ժամանակի ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի, ընդ որում՝ քննիչ հանձնաժողովում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև վստահ չէ՝ եթե քննիչ հանձնաժողովի առիթը չլիներ, արդյոք այդ ամենի մասին այսպիսի համապարփակությամբ կխոսե՞ր:
«Գուցե 2018-2019 թվին տեսական հնարավորություն կար, եթե, օրինակ, մտածեինք քննիչ հանձնաժողով ձևավորել բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց արդեն անցյալ է դա»,- ասաց նա: