Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի իր հավակնություններից և մտադիր չէ հետագայում էլ առաջադրվել դրա համար։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է The Times-ը։
Անցյալ շաբաթ The Economist-ի հետ հարցազրույցում նախարարն ասել էր, որ չի ակնկալում մոտ ապագայում փոխարինել Ստոլտենբերգին, քանի որ ԱՄՆ-ը պնդում է, որ նորվեգացին առայժմ կմնա իր պաշտոնում Ուկրաինայում շարունակվող հակամարտության պատճառով։ Նրա մանդատը, որը պետք է լրանա սեպտեմբերի 30-ին, արդեն երկարացվել է 2022 թվականին։
The Times-ը նշում է, որ հուլիսի 11-ին Վիլնյուսում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին դաշինքի երկրները չեն կարողացել համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, ինչի կապակցությամբ սպասվում է Ստոլտենբերգի պաշտոնավարման նոր երկարաձգում։ Ուոլեսից բացի՝ դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուներ են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը։ Այս պաշտոնի հավանական թեկնածու է համարվում նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը, սակայն, հայտարարել է, թե դրան չի ձգտում։