Ի՞նչ տեղեկություն է ունեցել ՀՀ վարչապետը բանակի սպառազինության մասին այն բանից հետո, երբ 2018-2019 թթ. Նիկոլ Փաշինյանը խոսակցությունների մակարդակով, բանավոր տեղեկացավ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որից հետո Ադրբեջանը սպառնաց՝ չեք տալիս, պատերազմով կվերցնեմ:
«Ես մինչև 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց ԶՈՒ-ն, ՊԲ-ն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են: Բայց սա արձանագրում չէ, որն ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ից հետո ես որդեգրել եմ հետևյալ քաղաքականությունը՝ «ամեն ինչ՝ բանակի համար»»,- ասաց նա և հիշեցրեց, որ արդեն 2019-ին էականորեն բարձրացել են պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ:
«Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը Կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր, և այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ ֆինանսավորում չի տալիս Կառավարությունը»,- ասաց վարչապետը և հավելեց, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չէ, որ կապված էր:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հարցին՝ 2018-19-ի իրողություններին ծանոթանալուց հետո արտաքին քաղաքականութան վեկտորի փոփոխություն քննարկվե՞լ է, Փաշինյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ո՛չ, չի քննարկվել, ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց ԼՂ-ի հակամարտության համատեքստում»: