ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Վագների» «ծանր զինտեխնիկան» Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ակտիվ ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- հայտնում է РИА Новости-ն:
Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում Վագների զինվորները գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե, իբր, ՌԴ ԶՈՒ-ի կողմից «Վագներ» ճամբարները հրթիռային հարձակման են ենթարկվել: Պաշտպանության նախարարությունն ու ԱԴԾ-ն հերքել են այդ մեղադրանքը: Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի դեմ քրեական գործը դեռ չի փակվել: Աղբյուրը նշել է, որ որոշումը չի չեղարկվել ընթացակարգային նորմերի պատճառով, քանի որ «նման որոշում կայացնելու համար չափազանց քիչ ժամանակ է անցել»։