44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք դեպի պատերազմ տանող կոնվեերը անհնա՞ր էր կանգնեցնել, ինչ էլ որ արվեր:
«Չեմ կարծում, եթե մենք չպիտի հրաժարվեինք ԼՂ-ը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Մենք այդ պահին կարող էինք ասել, որ հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել: Ես տեսնում էի՝ պատերազմի կոնվեերին հաջորդում են պատերազմի խաչմերուկները՝ բանակցային բովանդակությամբ: Օրինակ՝ պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ էության, և Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված: Այստեղ պետք է լիներ որոշակի քննարկում:
Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ, այսպես ասած, հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր:
Պատերազմի հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր՝ խաղաղության պայմանագրի:
Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման, եթե պայմանականորեն ասենք՝ հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծել նման զարգացումներից խուսափելու համար: