Առաջին դասարանցիների առավոտյան մեկնարկած առցանց հայտագրման երկրորդ փուլին հինգ րոպեում եղել է 3 815 գրանցում, և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հաշվարկներով՝ յուրաքանչյուր երեխայի գրանցման համար գործի է դրվել առնվազն չորս սարք: Չնայած արհեստական այս ծանրաբեռնվածությանը՝ համակարգն այս տարի խափանումներ չի ունեցել, ինչից հաճախ դժգոհում են ծնողները: Հայտագրման առաջին փուլը հասանելի է եղել հունիսի 12-25-ը, իսկ երրորդ փուլը կսկսի հուլիսի 4-ին:
Առաջին դասարանցիների առցանց հայտագրման երկրորդ փուլը, երբ համակարգը բացվել է բոլորի համար, այս տարի ևս բավական լարված է անցել: Չորս ժամվա ընթացքում գրանցվել է 7 200 երեխա, դպրոցներից 10-ում բոլոր տեղերը լրացել են: Հայտագրվածների հիսուն տոկոսից ավելին՝ 3 815-ը գրանցվել է առաջին հինգ րոպեի ընթացքում: Հետագա հայտագրումները շարունակվում են հանգիստ պայմաններում՝ առանց խուճապի:
ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ (ՀՀ ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն) - Հասկանում եմ, որ ծնողները ցանկանում են իրենց երեխաներին կոնկրետ որևէ դպրոց ընդունել, նույն ծնողները հիմա արդեն գիտեն՝ եթե չեն հասցրել՝ դե, պարզ է, չեն հասցրել, կան այլ դպրոցներ:
Դպրոց գնալ պատրաստվող երեխաների հայտագրումն առցանց է արվում արդեն հինգերորդ տարին՝ վերականգնելու արդարությունը, պայքարելու կոռուպցիոն ռիսկերի դեմ: Նման որոշում կայացվեց, երբ առաջացել էին, այսպես կոչված, էլիտար դպրոցներ, որտեղ պատահական երեխաներ չէին ընդունվում: Բայց նոր տարբերակից էլ ծնողները հաճախ դժգոհում են, որ տեխնիկական խնդիրներ են առաջանում, համակարգը խափանվում է, երեխաներին ցանկալի դպրոցում հերթագրել չեն հասցնում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ եթե առաջին տարին համակարգն իսկապես կարճատև խնդիր ունեցել է, հիմա նման բան չի եղել:
ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ - Տարբեր մարդկանց մոտ տարբեր ինտերնետ հասանելիություն կա, և կա կապի խնդիր, մարդու մոտ կա հին հեռախոս: Տեխնիկական միջոցների մասով մենք որևէ բան չենք կարող անել: Բայց այն, որ համակարգը անխափան աշխատում է, փաստ է: Իսկ որ ամբողջությամբ արդարության մասին խոսենք, բնական է, որ որևիցե մեկը չի կարող ասել, որ հարյուր տոկոս: Մենք, համենայնդեպս, ամեն տարի փորձում ենք ավելի ու ավելի կատարելագործել համակարգը:
Համակարգը ծանրաբեռնելու պատճառով աշխատանքի որոշակի դանդաղումը, սակայն, Արտակ Պողոսյանը հնարավոր է համարում, ինչը կարող է վերաբերել բոլոր շահառուներին: Մանրամասնում է՝ առավոտյան ժամը 9-ին կայքին միացած էր 25 հազար մարդ: Հինգ րոպե անց մնացել էր 8 հազարը, երբ առաջին 3 800 հայտագրումն արդեն արվել էր: Այսինքն՝ այդքան երեխային գրանցելու համար ներգրավվել էր 17 հազար սարք:
ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ - Ամեն անգամ բացատրում եմ՝ համակարգը, երբ որ դուք տասը տեղից, տասը սարքից, նույն ՀԾՀ-ով մուտք եք անում, դա դիտարկում է որպես հարձակում համակարգի վրա և բնականաբար կարող է ձեզ դուրս գցել: Եվ էդպիսի դեպքեր ունեցել ենք այս տարի:
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս՝ առավել պահանջված են այն դպրոցները, որոնք տարածքում միակն են, նոր են կառուցված կամ էլ հիմնանորոգման փուլում են: Արտակ Պողոսյանը կարծում է՝ կառավարության 300 դպրոց կառուցելու և նորոգելու ծրագիրն ամբողջությամբ ավարտելուց հետո հայտագրումների լարվածությունը նույնպես կթուլանա:
Առաջին փուլը որոշակի արտոնություններ ունեցող երեխաների համար էր՝ եթե քույրը, եղբայրը սովորում, կամ ծնողն աշխատում է տվյալ դպրոցում, եթե գործուղված զինծառայողի երեխա է, եթե ընտանիքն անապահովության համակարգում է ընդգրկված, եթե երեխան կամ ծնողն ունեն հաշմանդամություն: Այս փուլում հայտագրվել է 9 հազար երեխա:
Հուլիսի 4-ից կսկսվի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ընդունվող երեխաների հայտագրումը, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Սիրելի՛ ծնողներ, հայտագրումն իրականացնելու համար մուտք գործեք կայք:
Կրթության նախարարության այս տեսահոլովակում նաև հիշեցում կա՝
Սիրելի ծնողներ, խնդրում ենք չմոռանալ. էլեկտրոնային հայտագրումն ավարտելուց հետո գրավոր դիմում ներկայացնել համապատասխան դպրոց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ը:
Դիմումի բացակայության դեպքում առցանց հայտագրումը չեղյալ կհամարվի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան