Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել։ Պատճառը, ըստ նրանց, ոստիկանական բաժիններում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի ավելացումն է։ Այս առիթով փաստաբանների պալատում հրավիրվել էր ասուլիս-քննարկում:
Սիմոն Բաբայան (ՀՀ փաստաբանների պալատի նախագահ) - Ստիպված ենք մեր բողոքի ակցիան իրականացնել գործադուլի միջոցով՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով փաստաբանի ինստիտուտի առաքելության և նշանակության վրա:
4 ամսում, ըստ Փաստաբանների պալատի, գրանցվել է բռնության 2 դեպք՝ ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ենթադրյալ ծեծը և Կենտրոնի բաժնում հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգումը: Փաստաբանական համայնքը պահանջում է միջադեպերում ներգրավված անձանց լիազորությունները դադարեցնել, մեղավորներին պատժել:
Սիմոն Բաբայան - Վերջին դեպքի վերաբերյալ առ այսօր չենք տեսնում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, միջադեպում ներգրավված համապատասխան անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը, ցավոք, չի տեսնում այն գործիքակազմը, որը պետք է կիրառվեր նմանատիպ իրավիճակներում:
Ոստիկանության լրատվականից «Լուրերի» հարցին ի պատասխան ասացին՝ երկու դեպքով էլ ծառայողական քննությունը շարունակվում է, Էրեբունու ոստիկանների լիազորությունները դադարեցվել են, իսկ Կենտրոնինը՝ ոչ: Ավագյանի ու Անանյանի ենթադրյալ ծեծի դեպքը տեղի է ունեցել իրենց անչափահաս պաշտպանյալի առերեսման ժամանակ: Գործով նախաքննությունը շարունակվում է, այս պահին մեղադրյալներ չկան: Իսկ Կարեն Ալավերդյանի՝ խոշտանգման վերաբերյալ հաղորդումը, գլխավոր դատախազի որոշմամբ, այսօր Քննչական կոմիտեից փոխանցվել է ԱԱԾ: Ըստ հաղորդագրության՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար:
Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։
Փաստաբան Կարեն Ալավերդյանը նաև որպես մեղադրյալ է անցնում: Նա, ըստ Քննչական կոմիտեի, հունիսի 7-ին, տեսնելով, որ իր պաշտպանյալը ձեռնաշղթաներով է, քաշքշել է ոստիկաններին, հարվածել և փորձել ազատ պաշտպանյալին: Փաստանաբական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը վարույթն ԱԱԾ-ին փոխանցելու նորությունն ուրախալի է համարում:
Արա Զոհրաբյան (ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր) - Որովհետև մենք վստահ ենք, որ ԱԱԾ-ն այս հարցում ավելի օբյեկտիվ է լինելու, բայց էստեղ մեզ, օրինակ՝ անհանգստացնում է այս հարցի մյուս կողմը: Կար երկու քրեական գործ, երբ որ մեր փաստաբան գործընկերոջը խոշտանգել են և վստահորդին նույնպես, քննիչը միակողմանի քրեական գործ էր հարուցել փաստաբանի և իր վստահորդի նկատմամբ, իբրև խուլիգանություն էին կատարել, այս գործը թողել են ՔԿ-ում, մինչդեռ սրանք փոխկապակցված գործ են:
Փաստաբանների գործադուլն ամփոփվեց երթով՝ դեպի Կենտրոնի ոստիկանություն, որտեղ բռնցքամարտիկի ձեռնոցներ դրեցին շենքի մոտ: Թե որքան փաստաբան է մասնակցել գործադուլին, Սիմոն Բաբայանն ասաց՝ կոնկրետ տվյալներ չունեն: Բարձրագույն դատական խորհուրդն էլ չի ամփոփել տվյալները, թե գործադուլի հետևանքով քանի դատական նիստ չի կայացել: Վերջին անգամ փաստաբանները գործադուլ էին արել 2013 թվականին՝ դժգոհելով Վճռաբեկ դատարանի որոշումներից:
Հեղինակ՝ Տաթև խաչատրյան