Արմավիրի մարզխորհրդի նիստում այսօր նշվել է, որ սակավաջուր տարի է կանխատեսվում, ուստի ջրօգտագործող ընկերություններն անցնում են խնայողության ռեժիմի, տարեկան պլանները կրճատում են 30 տոկոսով: Ներկայացվել է նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, նաև՝ հանձնարարվել խստորեն պայքարել ապօրինի հողազավթումների դեմ:
Արմավիրի մարզը սնուցող ջրամբարները մոտ 70 տոկոսով են լցված։ Սակավաջուր տարի է սպասվում՝ հայտարարեց մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը՝ մարզխորհրդի նիստի ժամանակ։ Արթուր Այվազյանը ջրօգտագործողներին կոչ արեց՝ հնարավորին խնայողաբար օգտագործել ոռոգման ջուրը։
Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ) - Հունիսի 22-ի դրությամբ մարզը սնուցող Ախուրյանի ջրամբարի լցվածությունը կազմել է 232 մլն խմ՝ նախորդ տարվա 387 մլն դիմաց կամ պակաս է լցված 155 մլն խմ, այն դեպքում, երբ նախորդ տարին ևս համարվում էր սակավաջուր։
Ռիսկերը մեղմելու նպատակով մարզը սպասարկող ջրօգտագործող 3 ընկերությունները ոռոգման ջրի մատակարարման տարեկան պլանները կրճատել են 30 տոկոսով, դրան համապատասխան էլ մատակարարման նոր պայմանագիր են կնքել Ջրառի հետ։
Ավարտվել են 88 ենթածրագրեր:
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պատասխանատուն էլ ներկայացրեց համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը։ Վերակառուցվել և կառուցվել են մանկապարտեզներ, մշակույթի պալատներ, պուրակներ, խաղահրապարակներ, բարեկարգվել ու ասֆալտապատվել են ճանապարհներ ու փողոցներ, անցկացվել է գիշերային լուսավորություն։ Կառավարությունն այս տարի էլ ավելի քան 443 մլն դրամ է հատկացրել 37 նոր ծրագիր իրականացնելու համար։
Լիլիթ Մուշեղյան (Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ) - Կառավարության առաջիկա նիստերի ընթացքում սպասվում է մի շարք ծրագրերի ֆինանսական հատկացումներ, ուստի հորդորում ենք արագացնել վճարման ենթակա փաթեթների ներկայացումը մարզպետարան՝ գործընթացը արագ կազմակերպելու համար։
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ըստ ժամանակացույցի։ Մարզպետը համայնքների ղեկավարներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել դրանց կատարման ընթացքը։ Նաև կոչ արեց հնարավոր հողազավթումներն ու ապօրինի շինարարությունները կանխելու համար հսկողություն սահմանել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների օտարման գոտիներում կառուցվող օբյեկտների նկատմամբ:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Կապված Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը, Մ 3-ի վրա ակտիվացել է քաղաքաշինական փաթեթների ներկայացման գործընթացը․ մարդիկ հողեր ունեն կամ առնում են, ուզում են հյուրանոց կամ սպասարկման այլ օբյեկտ սարքել, այսպես ասած՝ հախուռն է։
Որպեսզի Մ 3-ն ու Մ 5-ը չողողվեն առևտրի և սպասարկման խառնիճաղանջ օբյեկտներով, մարզպետը կառավարությանն առաջարկել է այդ հատվածների օտարման գոտիներում շինարարության միասնական մոտեցում ցուցաբերել։