«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի՝ Բելառուս մեկնելու մասին լուրերից հետո այդ հանրապետության հարևանները վերանայում են սահմանային անվտանգության միջոցառումները: Լեհաստանն ուժեղացնում է իր արևելյան սահմանները։ Վարչապետն ու պաշտպանության նախարարը ստուգել են զորքերը երկրի հյուսիս-արևելքում՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ սահմանի մոտ։
Իրավիճակին հետևում են նաև Բալթյան երկրներն ու Ֆինլանդիան: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կիրակի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուժեղացնի» իր արևելյան թևը, եթե Բելառուսն ապաստան տա Եվգենի Պրիգոժինին և նրա զորքին: Դաշինքի նոր անդամ Ֆինլանդիան առայժմ նախընտրում է «հետևել իրավիճակին»։
Պրիգոժինի՝ Բելառուս մեկնելու, իսկ Ռուսաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին լուրերը հայտնի դարձան դեպի Մոսկվա «արդարության երթը» դադարեցնելու՝ Պրիգոժինի որոշումից հետո։