Հունիսի 22-24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՀՀ ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում կողմերի միջև մաքսային բնագավառում փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանման համար։
Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ճապոնական կողմը ներկայացրել է ուղևորային մաքսային հսկողության նորարարական մեթոդները և փոստային առաքանիների նկատմամբ մաքսային վարչարարության առանձնահատկությունները։
Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը տարածաշրջանում կանխելու գործում Ճապոնիայի մաքսային ծառայութան շնագիտական կենտրոնի գործունեությանը և փորձին։
ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը և կարևորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը ՀՄԿ շրջանակում հետագա փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: