Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը. առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հարցը քննարկվել է հունիսի 26-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Ըստ հիմնական զեկուցողի` օրենսգրքի 8-րդ, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարույթային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը: Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ. այն էապես նվազեցնելու է քննչական մարմիններում ծախսերը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսաձայնագրման և տվյալների պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կարիքի ձևակերպման համար պետք է առաջնորդվել բարեփոխման ռազմավարական նպատակներով` հարկ է արձանագրել, որ ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել դրանք սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը»,- ասել է Լիլիթ Մինասյանը:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով նախագծով նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ:
Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նշելով, որ Կառավարությունը կողմ է նախագծին, ընդգծել է, որ կարևոր քայլ է կատարվում նախաքննության ոլորտում և իրականացվում են էական բարեփոխումներ: Նախաքննությունը 2023 թ. սեպտեմբերի 1-ից պետք է ամբողջությամբ կատարվի էլեկտրոնային եղանակով:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է ապահովվելու անվտանգային միջավայրը և սերվերները գտնվելու են ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ ՀՀ տարածքից դուրս: Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ անվտանգային առումով կիրառվում է միջազգային հեղինակավոր ԻՍՕ 27 00 ստանդարտը. ներկայիս տեխնիկական լուծումն ապահովելու է այդ ստանդարտի կիրառումը: Իսկ ամպային սերվերային տնտեսությունը, որտեղ պահպանվելու են քննչական գործողությունների տեսաձայնագրությունները, գտնվելու է Հայաստանի Հանրապետությունում:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: