ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ. ՍԻՄՈՆՅԱՆ
Դա իրականությունից փախչել է: Այսպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բնորոշեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և հետքայլերի համար է արվում: էթնիկ զտումներ անել չի ստացվելու, առնվազն Հայաստանը թույլ չի տալու, միջազգային բոլոր լծակներն օգտագործելու է, ինչպես հիմա է օգտագործում:
Հայաստանը Արցախին մենակ չի թողել` շեշտեց Սիմոնյանն ու ընդգծեց՝ միջազգային բոլոր հնարավոր հարթակներում Արցախի ու այնտեղ ապրող հայերի իրավունքների մասին են խոսում, Կառավարությունը ֆինանսական աջակցությունը շարունակում է: Ըստ ԱԺ խոսնակի՝ Հայաստանի և Արցախի ղեկավարները մշտապես կապի մեջ են, և որոշումները Արցախի ընտրված իշխանություններն են կայացնում: Երևանը հետամուտ է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը:
Ալեն Սիմոնյան - Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել։ Դա ինքնախաբեություն է։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Այն, ինչը որ մենք հայտարարել ենք, հետամուտ ենք լինելու այդ հայտարարությանը, հարցը չի լուծվելու, եթե չլինի ֆիքսված:
ՍԻՄՈՆՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հունիսի 27-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել՝ նշեց ԱԺ նախագահը, ընդգծեց՝ բանակցությունները ինտենսիվ են:
Ալիևի՝ իրար հակասող հայտարարությունները նորություն չեն՝ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը վերաբերող հարցին արձագանքն է:
Ալեն Սիմոնյան - Նո՞ր պետք է հակասական տպավորություն ստեղծվի նրա խոսքից. մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է՝ ես դա նկատի չունեմ, որ ասում եմ՝ միջանցք, ես ամեն ինչին եմ միջանցք ասում, պետք է քաղաքական գիտելիքներ ունենալ, որ հասկանալ և այլն: Մի քիչ դժվար է իրեն մեկնաբանելը:
Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունում ու ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով՝ հայտարարեց Սիմոնյանը, հիշեցրեց՝ հրապարակային ելույթներում նույն բանի մասին այլ ձևակերպմամբ է հանդես գալիս։ ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ Ադրբեջանի 86.600 քառ կմ տարածքը ընդունելով՝ մենք նաև ընդգծում ենք մեր տարածքի չափը: Հայաստանի տարածքը ավելին է՝ դիտարկումներին Սիմոնյանն արձագանքեց՝ Հայրենիքը և պետությունը տարբեր են:
Ալեն Սիմոնյան - Հայրենիքն ու պետությունը տարբեր բաներ են: Ղարսն էլ ա իմ հայրենիքը, որովհետև իմ տատը Ղարսից ա, էնտեղ տուն ունենք, բայց այսօր ՀՀ-ն 29.800 քառ. կմ-ն է, որով ՀՀ բնակչությունը Սովետական Միության փլուզման ժամանակ անկախացել է: Էդ ամորֆ վերաբերմունքը, որ Հայաստանը՝ մեկ էս քարտեզն է, Կիլիկիան էլ է Հայաստան, հա՛, հասկանալի է, ընդունում եմ, բայց դա մեր պատմությունն է, ոչ թե մեր ներկան:
ԱԺ նախագահն ասաց՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով սադրանքները՝ մշտապես պատրաստ է, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, և դրան են ուղղված բանակում իրականացվող բարեփոխումները:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան