ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:
Ի պատասխան դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է մեր երկրի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը եւ խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը:
«Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում: