Հակարիի կամրջի վրա հունիսի 15-ի ադրբեջանական սադրանքից 10 օր հետո վերականգնվել է Լաչինի միջանցքով Արցախի բժշկական կենտրոններից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Երկու օրվա ընթացքում Արցախից Հայաստան է տեղափոխվել բուժման կարիք ունեցող 32 քաղաքացի:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Մենք հույս ունենք, որ նմանատիպ գործողությունները կվերսկսվեն, կլինեն ընթացիկ, որովհետև մարդկանց տեղափոխման կարիքը կա: Այս առումով մենք մշտապես կապի մեջ ենք տեղի առողջապահական կառույցների հետ, որոնք և որոշում են այդ մարդկանց անհապաղ տեղափոխման կարիքը և թիվը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ վերսկսվել է նաև Հայաստանում արդեն բուժում ստացած անձանց վերադարձը Արցախ: Հայաստանից որոշ քանակությամբ նաև դեղորայք և բժշկական առաջին անհրաժեշտության պարագաներ են ուղարկվում:
Զառա Ամատունի - Այս առումով, բնականաբար, էլի մենք կապի մեջ ենք տեղական կառույցների հետ, որովհետև հիմնականում այդ ծավալը նախատեսված է բուժհաստատություններում վերաբաշխելու համար, հետևաբար, մենք օգտագործում ենք հնարավորությունը, որ այդ անհրաժեշտ քանակությունը մենք կարողանանք տեղափոխել մեր հետադարձ ճանապարհին:
Լաչինի միջանցքով մարդկանց և հումանիտար բեռների փոխադրումը կրկին թույլատրելու նպատակը Վաշինգտոնում հունիսի 27-ի հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ բարենպաստ դիրք ստանալն է՝ կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Արեգ Քոչինյան (Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ) - Ադրբեջանը, ըստ էության, օգտագործում է հիբրիդային մարտավարություն, այսինքն՝ ցանկացած իրավիճակում օգտագործում է այդ իրավիճակի տեսանկյունից առավել կիրառելի մարտավարություն: Օրինակի համար՝ բրյուսելյան ֆորմատում, թերևս այո, ուժի գործադրման և ուժի գործադրման սպառնալիքի մարտավարությունները կիրառելի են, որովհետև բանակցությունների սեղանի շուրջ դրանք ստեղծում են այլ մթնոլորտ: Բայց, օրինակ՝ Նահանգների հանդիպումից առաջ, որտեղ, օրինակ՝ Նահանգների ներկայություն կա, և, որտեղ Նահանգների առջև, ինչ-որ առումով, ասածս պետք չէ ծայրահեղացնել, բայց հաշվետվողականության հարց կա, այդ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործիքակազմն այնքան էլ կիրառելի չէ, այնտեղ կիրառելի են այլ գործիքակազմեր:
Քոչինյանի խոսքով՝ արտգործնախարարների յուրաքանչյուր հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, բայց Հայաստանի համար ամերիկյան բանակցություններն ամենահեռանկարայինն են:
Արեգ Քոչինյան - Միացյալ Նահանգներն այս պահի դրությամբ միակ ուժային կենտրոնն է, որը միևնույն ժամանակ ունի և՛ ցանկություն, և՛ կարողություններ՝ իրավիճակը զարգացնելու հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման ուղղությամբ, ի տարբերություն Ռուսաստանի, որը չունի ցանկություն, և, ի տարբերություն ԵՄ-ի, որը հողի վրա չունի կարողություններ այս օրակարգը սպասարկելու:
Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ամերիկյան բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-4-ը՝ Առլինգթոնում: Արեգ Քոչինյանը հիշեցնում է՝ եռօրյա շփումների արդյունքում հնարավոր եղավ առաջընթաց գրանցել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ դրույթների շուրջ: Քաղաքագետի համոզմամբ՝ եթե Միացյալ Նահանգները շարունակի ակտիվ միջնորդությունը բանակցային գործընթացում, կողմերն էլ ցուցաբերեն բավարար քաղաքական կամք, կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել բանակցությունների դրական հանգուցալուծմանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան