Բյուջետային աջակցության վարկով Հայաստանը 92,3 միլիոն եվրոյին կամ 100 միլիոն դոլարին համարժեք միջոցներ կներգրավի: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
Վարկի մարման ժամկետը 19 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի: Վճարումները կատարվելու են ամեն տարվա հունիսին և դեկտեմբերին:
«Վարկի բնույթը հաշվի առնելով՝ դրանք ուղղվելու են «2023 թվականի պետբյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, մասնավորապես՝ բյուջեով նախատեսված է 350 միլիոն դոլար արժողությամբ բյուջետային աջակցության վարկեր ներգրավելուն: Սակայն հաշվի առնելով այն, որ մեր պետական բյուջեի եկամուտները՝ պլանավորված 2,3 տրիլիոն, գերազանցում են 2 տրիլիոն ընթացիկ ծախսերը, և կապիտալ ծախսերը՝ 550 միլիարդ, գերազանցում են պակասուրդը, որը 290 միլիարդ է, դա ենթադրում է, որ այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին»,- ասաց նա:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ միջոցներն ուղղելու են կապիտալ ծախսերի իրականացմանը, հետևաբար, կարծիք հայտնեց, թե դա հեշտ սպասարկելի վարկային միջոց է, որովհետև նպաստելու է տնտեսական աճին, ենթակառուցվածքների ստեղծմանը, և հնարավորություն է տալու հեշտությամբ սպասարկել այդ վարկը: