Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանական սադրանքները չեն դադարում: Հիմնականում Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքը նշանառության տակ պահող Ադրբեջանի նոր թիրախը սև մետաղի վերամշակման համար կառուցվող գործարանն է Երասխում:
Ընդ որում, Հայաստանի ինքնիշխան տարածքը թիրախավորած հարևանը մեզ է մեղադրում սահմանային խախտումների համար ու հայտարարում, թե վտանգված է շրջակա միջավայրը: Սեփական բնությունը հարստահարող, բնապահպանական միջազգային վարկանիշներում հետնապահի կարգավիճակ ունեցող երկիրը արդեն երկրորդ անգամ մտահոգ է հայերի գործունեությամբ: Նախ Լաչինն էր փակ կեղծ էկոակտիվիստներով, պնդմամբ, թե մոտակա հանքի շահագործմամբ հայկական կողմը խախտել է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիան ու Էներգետիկ խարտիան: Բաքուն միջազգային արբիտրաժային դատարան ձևավորելու դիմումներ է ներկայացրել, գործերից մանրամասներ դեռ չկան արբիտրաժային վարույթների կոնֆիդենցիալության պատճառով:
Հիմա էլ Ադրբեջանն անհանգստացած է, որ մետաղ վերամշակող գործարանը կարող է աղտոտել իր հողն ու ջուրը: Այդ գործարանին նախևառաջ հայկական բնակավայրերն են մոտ ու հայ մասնագետներն են հավաստիացնում՝ բնապահպանական վնասները նվազագույնի են հասցված, իսկ Ադրբեջանի նպատակը սահմանային գոտում ամերիկյան ներդրումներով բիզնեսին խոչընդոտելն է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան