Հունաստանի խորհրդարանի ընտրությունում հաղթած աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի երդվել է որպես երկրի նոր կառավարության ղեկավար։ Կառավարությունը կերդվի երեքշաբթի, առաջին նիստը կանցկացնի չորեքշաբթի, իսկ հինգշաբթի Միցոտակիսը կմեկնի Եվրամիության գագաթնաժողով:
Նախկին վարչապետն ու կուսակցության առաջնորդը հինգ շաբաթ առաջ կրկնակի ընտրություններ անցկացնելու որոշում կայացրեց՝ խորհրդարանում տեղերի քանակն ավելացնելու և անհրաժեշտ մեծամասնություն ապահովելու համար, ինչն արդյունք տվեց։ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ընտրողների քվեների մոտ 40,5 տոկոսը։
Ըստ տեղեկությունների՝ Միցոտակիսը ցանկանում է արագ գործել, և արդեն պատրաստ է այն մարդկանց ցուցակը, ովքեր մտնելու են նոր կառավարություն:
Այս պայքարում ձախակողմյան մրցակից Ալեքսիս Ցիպրասը և նրա կուսակցությունը՝ ՍԻՐԻԶԱ-ն ստացան ձայների 18 տոկոսը՝ ավելի քիչ, քան նախորդ անգամ։
Ընտրությունների ուշագրավ կետերից էր նորաստեղծ աջ ծայրահեղական «Սպարտացիների» հաջողությունը, որը հաղթահարեց խորհրդարան անցնելու 3 տոկոսի շեմը։
«Սպարտացիները» ազգայնական «Հունական որոշում» և ծայրահեղ պահպանողական «Հաղթանակ» կուսակցությունների հետ ստացել են ձայների գրեթե 13%-ը։