ՄԱԿ-ը հունիսի 26-ը հռչակել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ չնայած Հայաստանի ձեռնարկած քայլերին՝ շարունակում են ստանալ իրավապահ մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի առերևույթ դեպքերի ահազանգեր ու դիմում-բողոքներ: Պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային գործընկերների հետ հանդիպումը նվիրված էր այդ խնդիրների քննարկմանը:
Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Սա շատ կարևոր հարթակ է, որ կարողանանք հասցեավորել երևույթը, քննարկել, մշակել լուծումներ այս երևույթները բացառելու համար: Իհարկե, իրավիճակը տարբերվում է, որ ունեցել ենք տարիներ առաջ, սակայն շարունակաբար ստացվող ահազանգերը հուշում են, որ շատ մեծ անելիք ունենք այս ուղղությամբ:
Հրապարակվել է Պաշտպանի՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի 2022-ի գործունեության տարեկան զեկույցը: Ըստ Մանասյանի՝ չնայած քրեականացմանը, հանցագործությունը տարածված է շատ երկրներում: Պաշտպանի խոսքով՝ որևէ հանգամանք՝ պատերազմ, պատերազմի սպառնալիք, ներքաղաքական անկայունություն կամ արտակարգ այլ իրավիճակ չի կարող արդարացնել խոշտանգումը:
Անահիտ Մանասյան - Շատ կարևոր է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերին պատշաճ գնահատականի արժանացումը նաև միջազգային հանրության կողմից: Մեր միջոցառումը երկու հիմնական հարթություն ունի. առաջինը խոսել Ադրբեջանում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների դեպքերի մասին, հասցեավորման միջազգային մեխանիզմների, լուծումների վերաբերյալ:
Հայաստանում Եվրամիության դեսպանը կարևորեց խոշտանգումների, անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի գրասենյակի հետ աշխատանքը: Անդրեա Վիտորինի խոսքով՝ պետք է պայքարել նաև մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ, որի դրսևորումներից են նաև ատելության խոսքը, անհարգալից վերաբերմունքը:
Անդրեա Վիկտորին (ՀՀ -ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Լինելով արգելված, միևնույն է, համատարած երևույթ է նաև զինված հակամարտությունների ժամանակ: Ունենք տարբեր իրավիճակներ, տարբեր հակամարտություններ, երբ տեսնում ենք բացահայտ խոշտանգման դրսևորումներ, ինչը առաջին հերթին ազդում է ռազմագերիների, գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց վրա: Պետք է դիտարկենք խոշտանգումը և վատ վերաբերմունքը որպես Ժնևի կոնվենցիայի բացահայտ խախտում: Ուզում եմ ընդգծել արդյունավետ քննության կարևորությունը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն էլ նշեց, որ խոշտանգումների դեպքերի վիճակագրություն չկա, քանի որ այն թաքնված հանցագործություն է, բայց կան հետազոտություններ, որոնց համաձայն մեծ թվով մարդիկ դրա զոհն են դառնում:
Նաթիա Նացվլիշվիլի (ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - 2015-ին Հայաստանը քրեականացրեց խոշտանգումը, օրենսդրությունը համապատասխանեցրեց կոնվենցիոն պահանջներին: 2022-ին ուժի մեջ մտավ նոր Քրեական օրենսգիրքը, որով վերացվեց խոշտանգման հանցակազմի դեպքում վաղեմության ժամկետի կիրառումը, պահանջ դրվեց ոստիկանության բաժիններում տեղադրել տեսաձայնագրող սարքեր: Ի դեմս ՄԻՊ-ի՝ ձևավորվեց ազգային կանխարգելիչ մեխանիզմ: Այս բոլորը հնարավորություն են տալիս Հայաստանում զերծ մնալ խոշտանգումներից, բայց, ինչպես նշվեց, դեռևս խնդիրներ կան, ուստի խոշտանգումների վերացումը պահանջում է համատեղ, հետևողական գործակցություն:
Պաշտպանի խոսքով՝ մի շարք դեպքերում հենց Պաշտպանի գրության հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթ:
Անահիտ Մանասյան - Նման դեպքերում ոչ թե պահպանում ենք օրենքով սահմանված ժամկետները, այլ շատ արագ ուղարկում ենք մտահոգությունները իրավասու մարմիններին և արագ արձագանք ենք ունենում:
Պաշտպանը կարևորեց խնդիրների ճիշտ հասցեավորումն ու լուծումները ներպետական մակարդակում, որպեսզի այդ գործերը չհասնեն միջազգային դատական ատյաններ: