Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է օրենքի դաշտ բերել ու կարգավորել տաքսու ոլորտը: Կառավարությունը բարեփոխումների փաթեթը հաստատել է: Այսօր Հայաստանում տաքսի ծառայության ոլորտում մեծ մասն առանց լիցենզիայի է աշխատում՝ արձանագրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Առաջարկվում է տաքսիից բացի նաև նոր ձևակերպում սահմանել՝ թեթև մարդատար ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Այդ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը ֆիզիկական անձանց կողմից կարող է իրականացվել միմիայն հարթակի միջոցով, կամ եթե ֆիզիկական անձը չի ուզում հարթակի միջոցով ուղևորափոխադրում իրականացնի, ապա լիցենզիայով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը նույնպես պահպանվել է:
Կկանոնակարգվեն նաև էլեկտրոնային հարթակները, որոնք պետք է գրանցվեն, ծանուցեն իրենց գործունեության մասին և տարեկան 1 մլն դրամ տուրք վճարեն: Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը իր հաշվարկն է ներկայացնում՝ ակտիվ գործող 30 հազար տաքսիները օրական միջինը 20 հազար դրամ են աշխատում՝ 600 մլն դրամ, որի 20 տոկոսը փոխանցում են օնլայն հարթակներին՝ պատվեր տրամադրելու համար:
Վահագն Սահակյան (Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ) - Այսինքն՝ օնլայն ոլորտը 120 մլն օրական փող ա աշխատում, ուրիշ ծախս չի անում, պրիլաժենիայա, մի անգամ գրել են ու սպասարկում են, 120 մլն օրական աշխատեն, տարեկան 1 մլն վճարեն պետությա՞նը, ինչքանո՞վ ա դա լուրջ, ինչքանո՞վ ա ճիշտ:
Նոր նախագծով տուրք կվճարի նաև յուրաքանչյուր վարորդ՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականը համապատասխանաբար՝ 1.5, 2.5, 4 տոկոս՝ յուրաքանչյուր պատվերից անկանխիկ վճարի դեպքում և 2, 3.5, 5 տոկոս՝ կանխիկի պարագայում: Այս գանձումը կանի ու պետությանը կփոխանցի էլեկտրոնային հարթակով ծառայություն մատուցող ընկերությունը, լիցենզիայով աշխատող անհատի դեպքում գործառույթը ՊԵԿ-ը կիրականացնի:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Օրենքի շրջանակներում նախատեսվում է, որ այդ ընկերությունները, որոնք հայտնի են ՀՀ-ում, պետք է տրամադրեն իրենց տվյալների բազային հասանելիություն, խոսքը վարորդների, տրանսպորտային միջոցների մասին է, և այդ տեղեկությունը պետք է փոխանցեն թե՛ մեզ՝ լիազոր մարմնին, թե՛ հարկային մարմնին:
Բոլոր տաքսի ծառայությունների պարագայում պետք է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացվի՝ յուրաքանչյուր ուղևորափոխադրումից հետո: Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը վստահեցրեց՝ 15-20 տարի առաջ ոլորտը աստիճանաբար կարգավորվում էր՝ դեղին համարներով լիցենզավորված մեքենաներ էին շահագործվում, իրավիճակը փոխվեց, երբ աստիճանաբար դուրս եկան լիցենզիայի պարտադիր լինելը, բուժզննությունը և այլն: Հետո շուկա մտան օնլայն հարթակները, որից հետո, Վահագն Սահակյանի խոսքով, շուրջ 1100 տաքսի ծառայություն մատուցող ընկերություն փակվեց:
Վահագն Սահակյան - Տաքսին պետք է ունենա լիցենզիա՝ կոնկրետ մեքենան, ով որ գրանցել ա թե օնլայնում, թե չի գրանցվել, ինքն իր համար ա աշխատում, զանգերով, ճանապարհից վերցնելով մարդկանց, միևնույնն ա, էդ տաքսին պետք է ձեռք բերի ուղևորափոխադրման իրավունք, որը հենց լիցենզիայի տեսքով ա տրվում մարդուն:
Օրենքի նախագիծը սահմանում է նաև պարտադիր արտոնագիր՝ թե՛ օնլայն հարթակով աշխատողների, թե՛ անհատների համար՝ ներկայացրեց փոխնախարարը: Անկանխիկի համար էլ, եթե անհատ վարորդների դեպքում POS տերմինալը գուցե հասանելի չէ, ապա նախարարությունից առաջարկում են վճարումն ընդունել հեռախոսի միջոցով՝ Էն Էֆ Սի-ի տեխնոլոգիայով: Արմեն Սիմոնյանն անդրադարձավ նաև վճարումներին՝ թյուրըմբռնում է, որ դրանք միայն անկանխիկ պետք է լինեն:
Արմեն Սիմոնյան - Խոսքը ոչ թե նրա մասին է, թե քաղաքացին ինչով վճարի, այլ խոսքը նրա մասին ա, որ քաղաքացին հնարավորություն ունենա բոլոր տեսակի վճարման տեսակներով վճարել:
Օնլայն հարթակում ծառայություն մատուցող խոշոր ընկերություններից մեկի հետ կապվել չհաջողվեց, իսկ մյուսը հայտնեց, որ այս պահին ուսումնասիրում են փաստաթուղթը, պաշտոնապես կարձագանքեն մի քանի շաբաթից:
Բագրատ Եղիազարյան («Յանդեքս Գո» ծառայության տարածաշրջանային ղեկավար) - Մենք աշխատում ենք ՀՀ օրենսդրության սահմաններում և հետևում ենք փոփոխություններին և ուզում ենք հասկանալ՝ դրանք ո՛նց կազդեն մեր իրականությանը, ծառայությանը և ամբողջ ոլորտին: Նաև նշենք, որ գերատեսչական մարմինների հետ ունենք կապ, համագործակցում ենք, փոխանակում ենք մտքեր:
Նախարարությանը փոխանցված տվյալների համաձայն՝ միայն օնլայն հարթակներում գրանցված մոտ 80 հազար վարորդ կա, ակտիվ աշխատում են 25-30 հազարը: ՏԿԵՆ-ում վստահեցնում են, որ օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով ավելի կհստակեցվի, թե որքան քաղաքացի է ներգրավված այս ոլորտում, և ինչ ծավալի փոխադրումներ են իրականացվում: Այդ տեղեկությունների հիման վրա հետագայում լրացուցիչ կարգավորումներ կիրականացվեն: