Բաքուն հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին մեդադրում է հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար և հայտարարում, թե հուլիսի 3-ին նշանակված է «հայկական դիվերսիոն խմբի» գործով նախնական դատական նիստը։ Զինծառայողների հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին, երբ նրանք սնունդ էին տանում մարտական դիրքեր։ Ավելի ուշ հայտնաբերել էին նրանց մեքենան և զինվորներից մեկին հատկացված զենքը։ Հայաստանն անմիջապես դիմեց Եվրադատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու համար:
Լիպարիտ Դրմեյան (Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որ այս տղաների նկատմամբ շարունակում են գործել դեռևս 2020-ի սեպտեմբերին և ապա 2020-ի նոյեմբերին իր կայացրած միջանկյալ միջոցների կիրառումը, որոնք վերաբերում են առհասարակ 20-ի պատերազմի, հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած զինծառայողների, պահվող քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը: Այսինքն՝ այս երկու անձանց վերաբերյալ ունենք միջանկյալ միջոցներ, որոնք գործում են:
Դրմեյանի խոսքով՝ փաստերը վկայում են, որ դիվերսիոն գործողության մասին խոսք լինել չի կարող: Գործ ունենք զինծառայողների առևանգման փաստի հետ:
Լիպարիտ Դրմեյան - Ադրբեջանը փորձում է գործել նույն սցենարով, ինչ նախկինում: Տղաների ճնշող մեծամասնության նկատմամբ՝ զինծառայողներ, քաղաքացիական անձինք, հարուցում է քրեական գործեր, դատապարտում նրանց՝ փորձելով ցույց տալ, որ այստեղ գործել է իրավաչափ, որ տղաները գործել են ոչ իրավաչափ կամ հանցանք են կատարել: Սա իրականությանը չի համապատասխանում:
Ադրբեջանում պահվող հայերի հաստատված թիվն այս պահին 35 է: Հնարավոր խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ պահելու համար Միջազգային հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը կարևորում է միջազգային դատական ատյանների կիրառած միջանկյալ միջոցները:
Լիպարիտ Դրմեյան - Առնվազն իրավաբանորեն արգելված է Ադրբեջանին որևէ կերպ նրանց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ոտնձգություն իրականացնել: Ցավալիորեն, սա համատարած բնույթ է կրել ադրբեջանական զինծառայողների կողմից, այս որոշումներն ունեն զսպող նշանակություն՝ և՛ ՄԻԵԴ-ի մասին է, և՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի:
Մայիսին Հայաստանը դիմել էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով փոխել ու լրացնել Լաչինի միջանցքի արգելափակման հայցով՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու փետրվարի 22-ի որոշումը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել էր ապահովել մարդկանց, ավտոմեքենաների, բեռների երկկողմ անխափան տեղաշարժը: Նոր հայցով պահանջն էր որոշման մեջ ներառել նաև անցակետի փաստը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով որևէ կետում չխոչընդոտել ազատ տեղաշարժը:
Լիպարիտ Դրմեյան - Նոր զարգացումների վերաբերյալ ևս ներկայացվել են պահանջներ, դիրքորոշումներ, նամակներ: Կամուրջը փակելու, երբ որ Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ ամբողջությամբ, առանձին ներկայացվել է տեղեկատվություն:
Դրանք ներկայացվել են թե՛ Միջազգային արդարադատության, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ: Հայաստանը սպասում է դատարանների որոշումներին: