ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ փաթեթի քննարկումը հանձնաժողովի նախորդ նիստում լրամշակման նպատակով հետաձգվել էր մինչև երկամսյա ժամկետով:
Օրենսդրական փաթեթն ուղղված է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը և այդ ուղղությամբ ծագող իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Առաջարկվում է հստակեցնել նշված գործունեության լիցենզավորման պահանջները, ինչպես նաև հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը և լիցենզավորված անձին տրվում է քվոտաները վերանայելու հնարավորություն:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել էր խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են: Արդյունքում` ներկայացվել է լրամշակված տարբերակ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև Հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Գների աճով պայմանավորված` առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը` ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, իսկ ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել` յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում` 18 և ավելի տոկոսով: Օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կբարձրացվի 10 տոկոսով:
Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ չեն ընդունվել պատգամավոր Արսեն Թորոսյանի երկու առաջարկները, որոնք վերաբերվել են ծխախոտային արտադրատեսակների դրույքաչափերի բարձրացմանը: Նշվել է, որ այս հարցով Կառավարությունը վարում է հավասարակշված քաղաքականություն` հնարավոր ռիսկերից խուսափելու համար:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթներին: