Խնդրահարույց է, որ չեն ասում, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն անկեղծություն և կառուցողականություն չի ցուցաբերում: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Բնականաբար, եթե սահմանները փոխադարձաբար ճանաչվեն, նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքի օկուպացված հատվածներից, ընդ որում, այնպես չէ, որ ճանաչելուց հետո պիտի դուրս գան: Ամեն դեպքում, պիտի դուրս գան, որովհետև դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքներն են»,- նշեց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Ռուբինյանն ասաց, որ դա կախված չէ սահմանազատման գործընթացի ավարտից: «Տեսականորեն սահմանազատումը կարող է տևել մեկ շաբաթ, կարող է տևել 50 տարի, բնականաբար, մենք կուզեինք, որ սահմանազատումը տևեր հնարավորինս կարճ: Մենք նաև կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ ստորագրման համատեքստում, եթե այդ պայմանագրի գլխավոր կետերից մեկը տարածքային ամբողջականությունն է, պետք է լինի մեխանիզմ, ըստ որի՝ զինված ուժերի դիրքավորումը լինի համապատասխան ճանաչված սահմանին:
Տրամաբանությունը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և, հետևաբար, զինված ուժերը պետք է լինեն սահմանից այն կողմ»,- նշեց ԱԺ փոխնախագահը: