Եվրամիության արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Կիևին 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշի հարցում։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի արտաքին գործերի նախարարների նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Օգնության ութերորդ մասնաբաժինը դեռ համաձայնեցված չէ, բայց ես կաշխատեմ բոլոր մասնակիցների հետ՝ դրա հաստատմանը հասնելու համար»,- ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում ապստամբության փորձի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից Եվրամիությունը պետք է հանգի եզրակացության, որ անհրաժեշտ է կրկնապատկել Ուկրաինային զենքի մատակարարումները, հայտարարագրված 30.000-ի փոխարեն ավելի շատ ուկրաինացի զինվոր մարզել, ամեն ինչ անել Ուկրաինայի հակահարձակմանն աջակցելու համար: