Հուլիսի 1-ից 9 երթուղում շարժակազմի փոփոխություն կլինի: 8-ի պարագայում 217 հնամաշ «ԳԱԶելի» կփոխարինեն «Ժոնգթոնգ» ավտոբուսները, 41 համարի շարժակազմը կփոխարինվի 12 մետրանոց «ՄԱՆ»-երով: Գործակարգավարական նիստում քաղաքապետարանի տրանպորտի վարչության պետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց:
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Հուլիսի 1-ին համար 1 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 2 ավտոբուսային երթուղով, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կսպասարկվի «Ժոնգթոնգ» ավտոբուսներով, պարբերականությունը հաճախականության կկազմի միջինը 10 րոպե:
19 և 20 համարի միկրոավտոբուսներին կփոխարինի 36 համարի ավտոբուսը՝ երթուղում փոփոխություն է կատարվել, միկրոավտոբուսներով համար 25 երթուղին հուլիսից կսպասարկի 37 համարի ավտոբուսը, 28-ը կդառնա 40՝ կրկին ուղեգծի փոփոխությամբ, 50 և 75Ա միկրոավտոբուսների փոխարեն նույն երթուղով գիծ դուրս կգան 50 և 75 համարի «Ժոնգթոնգ» ավտոբուսներ:
Վազգեն Հարությունյան - Միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 25 ավտոբուսային երթուղիով, ուղեգիծն ամբողջությամբ պահպանված է, կսպասարկվի «Ժոնգթոնգ» ավտոբուսներով, միջին հաճախականությունը՝ 12 րոպե:
Միկրոավտոբուսով 35 համարը կդառնա 12 համարի՝ ավտոբուսներով, շարժակազմը կավելացվի, 34 համարի միկրոավտոբուսը կդադարի գործել, քանի որ կրկնում է 52 համարի ուղեգիծը: Համար 9 երթուղին ևս կդադարի գործել, կփոխարինեն 5, 22 և 20 համարի ավտոբուսները: Փոխքաղաքապետ Ավինյանը «Յանդեքս» քարտեզի նոր հասանելիության մասին հայտնեց:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մենք արդեն հասանելի ենք դարձրել մեր ավտոբուսային երթուղիները:
Հիմա եթե քաղաքացին նշի իր գտնվելու վայրը և թե ուր է ուզում գնալ, քարտեզը կհուշի՝ որ կանգառից որ համարի տրանսպորտը նստել:
Տիգրան Ավինյան - Մեզ պետք ա մտածել կանգառներում էկրաններ դնելու մասին, որովհետև եթե իմանալու ենք, որ ավտոբուսը որտեղ է գտնվում՝ ֆիզիկապես, այս ինֆորմացիան տալու ենք քարտեզներին և նաև մենք խոսել ենք, որ նույն աշխատանքը պետք է գուգլ քարտեզների հետ իրականացնենք:
Վարչության պետը տեղեկացրեց՝ առանց պայմանագրային արժեքի փոփոխության «Ժոնգթոնգ» ընկերությունը ևս 30 նոր ավտոբուս կտրամադրի: Նոր տրոլեյբուսներն առաջիկայում մաքսազերծումից հետո դուրս կգան երթուղի: 15 տրոլեյբուսները կսպասարկեն երկու երթուղի՝ համար 2-ը և 10-ը:
Վազգեն Հարությունյան - Նշված երթուղիներում սպասարկումը կիրականացվի համատեղ նախկին շարժակազմի հետ, որի արդյունքում կունենանք թիվ 2 և թիվ 2Ա, նաև թիվ 10 և թիվ 10Ա երթուղիներ: Ա տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծի հատվածում, որ կընդգրկի Դավթաշենը, Էրեբունի զանգվածը և Աերացիան:
Մեկ այլ նորարարության մասին՝ գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակը՝ activecitizen.yerevan.am հասցեով: Երևանի գրանցում ունեցողները «Քո առաջարկը» բաժնում էլ կարող են առաջարկություններ ներկայացնել: Երևանցիների քվեարկությունից կախված՝ առաջին նախագիծը Մերգելյանի այգում է իրագործվելու:
Տիգրան Ավինյան - Տարբերակներից մեկը կընտրվի որպես իրականացման ենթակա տարբերակ, և էդ որոշումը կկայացնեն երևանցիները:
Խորհրդակցության ժամանակ հայտարարվեց՝ Երևանյան լճի կանաչապատումը կավարտվի, երբ տեղի պոմպակայանը կէլեկտրիֆիկացվի: Ոլորտային պատասխանատուն զեկուցեց՝ Դավիթ Անհաղթի այգում բարեկարգման աշխատանքներ են մեկնարկել, Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման մրցույթը ավարտվել է, մյուս ամսվա երկրորդ կեսին աշխատանքները կմեկնարկեն: Նորքի լանջին անտառտնկման համար հիմա ուսումնասիրում են 10 հա հող: Վարչական բոլոր շրջանների ղեկավարները զեկուցեցին իրենց տարածքում կատարվող աշխատանքների մասին՝ բակերի ու այգիների բարեկարգում, ֆուտբոլի դաշտերի կառուցում: Երկու վարչական շրջաններում կա նաև շների զբոսայգի:
Տիգրան Ավինյան - Առաջարկում եմ բոլոր վարչական շրջաններում նվազագույնը եկեք սկսենք մեկ հատից, եթե չկա հատուկ շների համար նախատեսված զբոսայգի, համապատասխանաբար բոլոր վարչական շրջաններում նվազագույնը մեկ հատ շների զբոսայգի կահավորել, կառուցել:
Մայրաքաղաքում 1041 վերելակ փոխարինվել և արդեն անհատույց օտարվել է քաղաքացիներին: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հիշեցրեց՝ սպասարկումը կիրականացնի համատիրությունը: Տիգրան Ավինյանը շեշտեց՝ այս տարի էլ՝ 500 վերելակ է փոխարինվելու, ևս 100-ի հարցը դեռ քննարկվում է: