Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Բաքու-Թեհրան հարաբերությունների առկա իրավիճակը, ընդգծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են Բաքու-Թեհրան հարաբերություններում ներկա իրավիճակը, հյուպատոսական շփումները, ընդգծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները համաձայնել են, որ պետք է շարունակեն շփումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերի շուրջ։
Տարածաշրջանային զարգացումները Բայրամովը Բաքվում քննարկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նախագահ Թամարա Ռաստովաչ Սիամաշվիլիի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելլա Ռամոսի հետ։ Բացի երկկողմ օրակարգի հարցերից՝ կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
ԻՐԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 23-ից Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը չեղարկելու մասին պաշտոնական Բաքվի որոշման ֆոնին Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, տեղեկացրել, որ Իրանի ցամաքային և օդային սահմանները բաց են ադրբեջանցիների համար:
Իրան մուտքի վիզաների տրամադրման նախկին կանոնակարգն ուժի մեջ է»,- նշել է գերատեսչությունը։
«ՎԱԳՆԵՐԸ» ԼՔԵԼ Է ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶԸ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները և զինտեխնիկան լքել են Ռոստովի մարզը։ Հունիսի 24-ին, երբ ընկերության շարասյունը հեռանում էր Դոնի Ռոստովից, լրագրողներից մեկը հարց է տվել Եվգենի Պրիգոժինին՝ ինչպես է նա գնահատում ստեղծված իրավիճակը:
«Նորմալ արդյունք էր, բոլորին սթափեցրինք»,- ասել է Պրիգոժինը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնի Ռոստովում, Վորոնեժում և Լիպեցկում այժմ շինարարական աշխատանքներ են տարվում, քանի որ «Վագների» շարասյան տեղաշարժը կասեցնելու նպատակով քանդված ճանապարհները վերանորոգվում են:
Չնայած զինված ապստամբության ավարտից հետ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու է՝ այսօր «Կոմերսանտը», վկայակոչելուվ իր աղբյուրները, հայտնել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը զբաղվում է զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործով:
ՇՈՅԳՈՒՆ ՍՏՈՒԳԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ռուսաստանում «Վագների» զինված ապստամբության փորձից հետո առաջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնվել է տեսախցիկների առջև:
Նա աշխատանքային այց է կատարել ռազմական գործողությունների գոտում կռվող Արևմտյան զորքերի խմբավորման կառավարման կետերից մեկը, ստուգել ռուսական ուժերի պատրաստվածության մակարդակը:
Շոյգուն հանձնարարել է շարունակել հետախուզական գործողությունները՝ բացահայտելու հակառակորդի ծրագրերը, ինչպես նաև աջակցել պատերազմում ներգրավված զորքերին և պայմաններ ստեղծել նրանց անվտանգ տեղակայման համար։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒՆԻ. ՄԱԼՅԱՐ
Ուկրաինական կողմը հարձակման է անցել և բոլոր ուղղություններում առաջընթաց ունի՝ հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը։ Ըստ Աննա Մալյարի՝ խոսքը Բախմուտի, Օրեխովո-Վասիլևկայի, Բոգդանովկայի, Յագոդնիի, Կլեշչեևկայի և Կուրդյումովկայի մասին է։ Նա հավելել է, որ ռուսական ուժերը փորձել են առաջ շարժվել Կուպյանսկի, Լիմանի և Մարյինկայի ուղղությամբ, սակայն ապարդյուն։
Մարտի դաշտում իրավիճակը մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը: Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման գլխավոր հարվածը դեռ չեն հասցրել, այս պահին դեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, քանի որ, Ռեզնիկովի խոսքով, ռուսական կողմը պաշտպանական հզոր գծեր է ստեղծել։
«Գլխավոր հարվածը ուժեղ կլինի և Ուկրաինային կմոտեցնի հաղթանակին»,- հավելել է նախարարը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՎ ԲԱՅԴԵՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԸ
Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, քննարկել պատերազմի ընթացքը և վերջին օրերին Ռուսաստանում զարգացումները։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին, մասնավորապես՝ Patriot զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու համար։
«Քննարկել ենք նաև պաշտպանական գործակցության հետագա ընդլայնումը`շեշտը դնելով հեռահար սպառազինությունների մատակարարման վրա»,- հավելել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։