Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էբրահիմ Ռայիսին և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հունիսի 24-ին Ռուսաստանում զինված ապստամբության ֆոնին երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Էբրահիմ Ռայիսին լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի իշխանությանը:
Նախագահները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հեռանկարը՝ ընդգծելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը։
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՆՈՐ ԱԹՍ-ՆԵՐ ԿԳՆԻ. ՀԱՍԱՆՈՎ
Ադրբեջանն ավարտել է Թուրքիայի զինված ուժերի մոդելով բանակի զարգացման աշխատանքների 70%-ը՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Զաքիր Հասանովը նշել է, որ առաջիկայում Բաքուն Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր կգնի, ակնկալվում է նաև Ադրբեջանի տարածքում թուրքական ԱԹՍ-ների արտադրություն սկսել: Հասանովը նաև տեղեկացրել է, որ Բաքուն հրթիռային համակարգեր է գնում՝ բանակի առջև դրված նոր խնդիրները լուծելու և Ադրբեջանի դեմ հնչող սպառնալիքներին արձագանքելու համար:
Խոսելով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է. «2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը շուրջ 6 խոշոր գործողություն է իրականացրել պայմանական պետական սահմանին և ռազմավարական բարձունքներ է գրավել, ինչը հնարավորություն է տալիս ազդել հենց Հայաստանում զորքերի տեղաշարժի և մատակարարումների վրա»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության իր պայմաններն է առաջարկել, և եթե դրանք չընդունվեն, ադրբեջանական կողմը կմնա այնտեղ, որտեղ այժմ գտնվում է:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին, հայտարարել, թե մանրամասն հետախուզական տվյալներ ունեն նրա կարողությունների, ռեսուրսների մասին, և սպառնացել, թե մեկ կորպուսով կարող են չեզոքացնել այն:
ԻՐԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ՝ ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թեհրանի և Բաքվի հարաբերություններին, նշել՝ դրանք բնականոն հուն վերադարձնելու համար դիվանագիտական գործընթաց է սկսվել:
Մեկնաբանելով Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը՝ Քանանին տեղեկացրել է, որ դիվանագետները քննարկել են երկու երկրի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման դինամիկան, Իրանի և Ադրբեջանի հյուպատոսական հարաբերությունները և ընդգծել շփումները շարունակելու կարևորությունը:
Քանանին նաև վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. «Իսկ Ռուսաստանի տարածքում զարգացումները համարում ենք այդ երկրի ներքին խնդիրը»,- հավելել է պաշտոնյան։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերսկսման մասին վերջերս ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունները Քանանին հրաժարվել է մեկնաբանելուց։
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթել է երկրում երկրորդ անգամ կայացած խորհրդարանի ընտրությունում՝ ստանալով քվեների ավելի քան 40 տոկոսը։ Հաշվարկների համաձայն՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած «Նոր ժողովրդավարությունը» 300 տեղանոց խորհրդարանում 158 մանդատ կունենա։ Ընդդիմադիր գլխավոր ուժը՝ «Սիրիզանը»՝ 48 մանդատ:
Միցոտակիսի կուսակցությունը հաղթել էր մայիսի 21-ի ընտրություններում, սակայն բավարար ձայներ չէր ստացել առանց կոալիցիա կազմելու կառավարելու համար: