ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվականի նոյեմբերից 2020 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայության կադրերի տեսուչի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն բժշկական կենտրոնի 46 բուժաշխատողներից որպես նրանց՝ Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվելիք կատարելագործման (վերապատրաստման) դասընթացների համար հավաքված խոշոր չափերով՝ ընդհանուր 2.340.000 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ վերջինս 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում, բժշկական կենտրոնի տնօրենից հանձնարարություն է ստացել կազմակերպել հաստատության բուժաշխատողների՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից վճարովի հիմունքներով անցկացվելիք մասնագիտական կատարելագործման դասընթացներին մանկաբույժների և բուժքույրերի մասնակցությունը։
«Վերջիններիս հետ անձնական փոխհարաբերություններով ու վստահությամբ պայմանավորված՝ 2020 թվականի հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում նա յուրաքանչյուր մանկաբույժից 60.000-ական, իսկ յուրաքանչյուր բուժքրոջից՝ 50.000-ական ՀՀ դրամ է հավաքագրել, որը, սակայն, չի փոխանցել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի բանկային հաշվեհամարին և հափշտակել է։ Այդ պատճառով կատարելագործման դասընթացները տեղի չեն ունեցել, և բուժաշխատողներին պատճառվել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.340.000 ՀՀ դրամ վնաս:
Ձեռք բերված փաստերի հիման վրա բուժկենտրոնի հիշյալ աշխատակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասնակի վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: