Հայաստանի համախառն միջազգային պահուստները նախորդ տարվա համեմատ աճել են 19 տոկոսով: Կենտրոնական բանկի տվյալով՝ 2023-ի մայիսին Հայաստանն ունեցել է 3 մլրդ 748 մլն դոլարի արտարժութային պահուստ: Աճն առավել զգալի է և՛ 2021-ի, և՛ 2020-ի մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 24.6 և 38.7 տոկոսով:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Այս ցուցանիշի աճը պայմանավորված է հիմնականում տիրող ֆինանսական, տնտեսական իրավիճակով, տարածաշրջանում տիրող իրավիճակով, և ԿԲ-ի կողմից արտարժութային շուկայում որոշակի կայունություն պահպանելու, էս պարագայում` որոշակի իրավիճակներում ավելցուկային իրացվելիությունը շուկայից ներկլանելու պատճառով այդ արտարժութային պահուստների ծավալները, բնականաբար, աճել են, և աճը հիմնականում դրանով է պայմանավորված:
Պահուստների չափը գնահատելու համար տարբեր մոտեցումներ կան. հաշվի է առնվում, թե այն քանի ամսվա ներմուծում կարող է ապահովել:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Տարբեր երկրներում այս ցուցանիշը տարբեր է, և 3-ից 5 ամսվա այդ միջակայքը դիտվում է որպես արդյունավետ կառավարման վկայություն կամ ցուցիչ: Մեզ մոտ մինչ ռուս-ուկրաինական պատերազմը, մինչ ներմուծման շատ արագ աճը 5 - 5.5 ամսվա` այդ տիրույթում էր գտնվում այդ ծածկույթը, վերջին ամիսներին որոշակիորեն նվազել է, բայց էլի ծածկույթը 3 - 3.5 ամսվա տիրույթում է, ինչը ևս էլի ընդունելի է, եթե համեմատում ենք ասենք տարածաշրջանի երկրների հետ:
Հայաստանի գլխավոր դրամատնից նշում են՝ մեր երկրի միջազգային պահուստները բավարարում են միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին:
ՀՀ կենտրոնական բանկ. «Նշված չափանիշները պարտադիր չեն կատարման համար և կրում են ընդամենը ուղենիշային բնույթ: ՀՀ միջազգային պահուստների հիմնական նպատակն է ՀՀ արտաքին պարտքի անխափան սպասարկումը և ֆինանսական շուկաների բնականոն գործունեության համար արտարժութային իրացվելիության ապահովումը»:
Պահուստները ապագայում որոշակի ռիսկերի դիմակայելու համար բուֆերի դեր կարող են կատարել, ընդգծում է Էդգար Աղաբեկյանը, հավելում, որ սա կարող է նաև օգնել արտարժութային կտրուկ տատանումների ժամանակ:
Էդգար Աղաբեկյան - Ապագա ռիսկերին դիմակայելու հնարավորություններն է մեծացնում, մենք ունենք արտաքին պարտք, ունենք դրա սպասարկման խնդիր, ունենք որոշակի այս պահին արտարժույթի փոխարժեք, որը նախորդ տարիների համեմատ բավականին ցածր մակարդակում է, և ապագա ռիսկերի զսպման, եղած ռիսկերը կլանելու պարագայում ԿԲ-ի հնարավորություններն ավելի է մեծացնում:
Դրամի արժևորումը նպաստել է պահուստների համալրման գործընթացին, կարծում է Արմեն Քթոյանը: Տնտեսագետը նաև խնդիր է տեսնում դիվերսիֆիկացման առումով:
Արմեն Քթոյան - Դիվերսֆիկացնելու խնդիր կա և, այո՛, էստեղ մեծ հնչեղություն ստացավ ժամանակին այն որոշումը, երբ ԿԲ-ն ազատվեց ոսկու պահուստներից կամ ոսկու բաղադրիչից պահուստներում, հետագայում ժամանակը ցույց տվեց, որ սա արդյունավետ կառավարման լավագույն տարբերակը չէր, եթե չասենք` անարդյունավետ կառավարման դրսևորում էր:
Հայաստանը պահուստների ամենաբարձր մակարդակն ունեցել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ 4 մլրդ 111 մլն դոլար. ներկա ցուցանիշը երկրորդ ամենամեծ արդյունքն է:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան