Կառավարությունը հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի հեղինակած պատմամշակութային հիմնավորման նախագծերի կարգը: Բոլոր բնակավայրերի նախագծերը պետք է համապատասխանեցվեն դրան:
Գորիսի պատմամշակութային հիմնավորման նախագծի վրա մուգ կանաչով նշված են բարձրադիր, մուտքային հատվածներից քաղաքի կենտրոնը դիտարկելու հնարավորությունները: Միասնական կարգի կիրառմամբ, հնարավոր կլինի պահպանել քաղաքի պատմական միջավայրի ամբողջականությունը, քաղաքաշինական ու գեղագիտական արժեքը: Պատմամշակութային հիմնավորման նախագծեր ունեն նաև Աշտարակը, Էջմիածինը, Գյումրին:
Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Միասնական կարգ, որի համաձայն` նման նախագծերը պետք է մշակվեն, հաստատվեն, այդ ամբողջ ընթացակարգը առկա չէր, նման փաստաթուղթ մշակվել, քննարկվել է ԿԳՄՍ-ի, նախագծային կառույցների հետ: Հաստատվելուց հետո կմտնի կյանք, կմշակվեն նախագծերը, հիմք կդառնան գլխավոր հատակագծերի համար:
Արժեքավոր հուշարձան են համարվում ոչ միայն շենքերը, այլև ամբողջական միջավայրը: Առանձնացվել են հուշարձանների պահպանման գոտիներ, սահմանվել են չափորոշիչներ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասնում է՝ ծառերն, օրինակ, կարող են գերաճի հետևանքով ծածկել պատմամշակութային արժեքավոր հատվածները: Առաջարկվում է հեռացնել պատմական միջավայրի անարգել դիտարկումը խաթարող գործոնները՝ ընդհուպ ծառերի, սյուների տեղափոխում այլ վայրեր:
Նունե Պետրոսյան - Վերակառուցման, վերանորոգման որևէ աշխատանքներ կատարելու ընթացքում անպայման դրանք պետք է համաձայնեցվեն լիազոր մարմինների հետ, և այն արժեքները, որոնք ամրագրված են, օրինակ` կարող է լինել քարի շարվածքը, տանիքների գույնը, քիվը, պաշտգամբները, պետք է պահպանվեն բնօրինակային տեսքով:
Խոսքն ամբողջական միջավայրը պահպանելու մասին է՝ մինչև իսկ հարակից փողոցների ծածկույթը, լայնությունը, ջրհորդանները, նույնիսկ աղբամանները: Նախատեսվել են սահմանափակումներ հուշարձանների միջակայքում կառուցապատման վերաբերյալ:
Ըստ Պետրոսյանի՝ Երևանի պատմամշակութային հիմնավորման նախագիծը ևս նոր մշակված կարգին համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա:
Նունե Պետրոսյան - Տարբեր հատվածներ, այդ թվում և Կոնդը, որի նկատմամբ կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են մրցութային նախագծի իրականացման աշխատանքներ: Առաջին փուլի առաջադրանքում մեծ տեղ է հատկացվել պատմամշակութային հիմնավորման խնդիրներին, որոնց իրականացման միջոցով կպահպանենք հատվածները:
Մշակված կարգով կարգելվի պատմական միջավայրը խաթարող ցանկացած միջամտություն: