«Կողք կողքի» ներառական կրթամշակութային կազմակերպության ղեկավարը ներկայացնում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին, որոնք պատրաստվում են բեմ դուրս գալ՝ հայոց հոգևոր քաղաքում։ Շատերն առաջին անգամ են հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու, իսկ ոմանք արդեն հասցրել են լինել մարզերում և Արցախում։ Մերիի հորաքրոջ խոսքով՝ համերգային շրջագայություններն աղջկան ավելի ազատ ու անկաշկանդ են դարձրել։
Ժաննա Բագրատյան - Ժամանակ առ ժամանակ կոմպլեքսավորվում էր, բայց գնալով՝ որքան համերգները շատանում են, ինքն այնքան ազատ է սկսում երգել:
Hope for dreams (հոփ ֆոր դրիմս) երաժշտական ներառական նախագիծն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի համատեղ ուժերով։ Նախագիծը զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին ու պատանիներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց առավել ուժեղ կողմերը։ Ծնողների կարծիքով՝ նման շրջագայություններ հաճախ պետք է կազմակերպել։
Անի Տիգրանյան (ծնող) - Ոչ միայն իմ երեխային են պետք, այլև՝ բոլոր երեխաներին, պետք է մեր հասարակությանը, որ հասկանան՝ պետք է դառնա ներառված հասարակություն։
Արմինե Կարապետյան - Այսքան տարիներ շատ դռներ մեր առջև փակ են եղել՝ տարբեր պատճառներով, հիմա հերթով շատ դռներ բացվում են։ Այն ծնողները, որոնք հույսները կորցրել էին, հիմա հեռանկարներ են տեսնում։
Ելույթները բազմաժանր են։ Մասնագետների խոսքով՝ նախագիծը երեխաներին հնարավորություն է տալիս արտահայտել իրենց զգացմունքները, կառավարել ապրումներն ու հույզերը։ Երաժշտությունն օգնում է հաղորդակցվել հատկապես խոսքի և շփման խնդիրներ ունեցողներին։ Իսկ փոքր-ինչ լարվածությունը հանդիսատեսի ներկայությունից էր։
Նաիրա Սարգսյան («Կողք կողքի» ներառական կրթամշակութային հ/կ նախագահ) - Իրենք հիմա լարված են, քանի որ գիտեն՝ ելույթ են ունենալու՝ առաջին անգամ։ Ունենք դժվարություններ, բայց երաժշտության շնորհիվ հաղթահարում ենք։
Երեխաները հարթակ դուրս եկան պրոֆեսիոնալ երաժիշտների օգնությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին հայտնի երաժշտական ստեղծագործություններ՝ դաշնամուրի, կիթառի, կլարնետի և հարվածային գործիքների նվագակցությամբ։ Իսկ հանդիսատեսը բացօթյա համերգին հետևում էր նաև պատշգամբներից։