«Moody's» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից «կայուն»-ի: Ըստ գործակալության՝ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են: Ֆինանսների նախարարության համար սպասելի էր այս փոփոխությունը:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Մուդիսը կանխատեսում է, որ նախորդ, օրինակ, 4 տոկոս աճի դիմաց այս տարի 7 տոկոսանոց աճ կունենանք, միջնաժամկետում 4 տոկոսանոց աճերի դիմաց ավելի բարձր աճեր կունենանք՝ 5-ից 6 տոկոս, կառավարության պարտքը 50-55 տոկոսի փոխարեն ՀՆԱ-ի մեջ տոկոսով ավելի ցածր կլինի, ներկայիս գնահատականներով` մոտ 45 տոկոս առաջիկա տարիներին: Այսինքն` հեռանկարը էապես բարելավել է:
Գործակալությունը որպես ռիսկ նշել է տարածաշրջանային խնդիրները, սակայն ըստ Էդուարդ Հակոբյանի՝ սպասումները հիմնականում դրական են ներկայացված:
Էդուարդ Հակոբյան - Կարևորն այն է, որ նույնիսկ այդ ռիսկերի պայմաններում Մուդիսը գնահատում է, որ էն դրական գործոնները, որոնք որ կան՝ կապիտալի, մարդկանց ներհոսք և դրանց դրական ազդեցությունը, առաջիկա տարիներին պահպանվելու են, և մեր ներուժը տնտեսական աճի մեծանալու է:
Միջազգային գործակալության կանխատեսումների մեջ դրական փոփոխությունը շատ կարևոր է, ընդգծում են տնտեսագետները:
Զարեհ Ասատրյան (Հայկական տնտեսագիտական միության գործադիր տնօրեն) - Վարկանիշների բարձրացումը դրական էֆեկտներ կունենա Հայաստանի համար` պոտենցիալ այն առումով, որ Հայաստանը արտաքին շուկաներից կարող է գումարները ավելի էժան գներով ներգրավել:
Սա, ըստ փորձագետի, երկիրը օտարերկրյա ներդրողներին ավելի հուսալի և եկամտաբեր ներկայացնելու լավ առիթ է:
Զարեհ Ասատրյան - Մենք միջազգային շուկայի մաս ենք, կարևոր է, որ միջազգային շուկայում տեսանելի լինի Հայաստանը, Այդ առումով այս վարկանիշները, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանին չեն ճանաչում, շատ հաճախ կարող են ներդրողները հենց այդ ռեյտինգների վրա ուշադրություն դարձնել, քանի որ շատ ինֆորմացիա Հայաստանի մասին իրենք չունեն, ու այդ առումով դա դրական ազդակ է պոտենցիալ ներդրողների համար:
Հայաստանը ներուժ ունի այս գնահատականներն առաջիկայում բարելավելու, և եթե ներկայիս զարգացումները պահպանվեն, ըստ Էդուարդ Հակոբյանի, պետք է սպասել ավելի լավ վարկանիշի:
Էդուարդ Հակոբյան - Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ բարելավումներ լինում են ՀՀ-ում և մի քանի երկրներում, որովհետև մյուս երկրներում, աշխարհում տնտեսական աճերի և տնտեսության վիճակների վատթարացում է գնում և դրական վերանայումներ, որպես այդպիսին, գրեթե չկան:
Գործակալությունը զեկույցում նշել է, որ վարկանիշների բարելավում տեղի կունենա, եթե կապիտալի և աշխատուժի ներհոսքը պահպանվի, նաև սահմանային լարվածությունը թուլանա, կկնքվի համաձայնագիր:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան