«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին քննարկվել է հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունը ու 2023 թվականի տարեկան բյուջեն: Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Փաշինյանը: Զեկուցվել է, որ նախորդ տարի ավելի քան 17.6 մլրդ դրամ ուղղվել է բնակարանաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահություն, մշակույթի ու կրթական ծրագրերին, որից 15 միլիարդը իրագործվել է Արցախում:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Մեր նիստի հարգելի մասնակիցներ, բարի գալուստ.
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 33-րդ նիստի մասնակիցներին:
Նիստը մեկնարկում են տերունական աղոթքով:
33-րդ նիստին, որին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները, խորհրդի տարբեր երկրների 23 անդամ, քննարկվեց 2022 թվականի ընթացքում արված աշխատանքը՝ առանձին ոլորտներով:
Վահագն Խաչատուրյան - Ինչպես 2022-ին, հիմնադրամի առջև դրված առաջնահերթությունները և օրակարգային հարցերը գտնվում են 2020-ին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և նպատակուղղված են առկա պայմաններում մեր հայրենակիցների խնդիրները ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն:
«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումը ցանկացած քաղաքական ազդեցությունից դուրս է՝ շեշտում է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նվիրատուներին, հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին կարևոր ու թափանցիկ աշխատանքի համար
Վահագն Խաչատուրյան - Եվ ներկաներս ջանք ու եռանդ չպետք է խնայենք հիմնադրամի գործունեությունը քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար:
Ավելի քան 40 լայնածավալ ծրագիր, ընդհանուր 17 մլրդ 600 մլն դրամ, որից շուրջ շուրջ 15 միլիարդ դրամի ծրագիրն իրականացվել է Արցախում: բնակարանաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն, ջրամատակարարում... Հիմնադրամի գործադիր տնօրենն է առանձին ոլորտներով ներկայացնում արդեն իսկ արվածը՝
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մի մասը երկարաժամկետ ծրագրեր են, մի մասը կավարտվի այս տարի: Հիմնադրամի բարեգործական ծրագրերն ուղղված են բնակարանաշինությանը (11.2 միլիարդ դրամ), առողջապահությանը (286 միլիոն դրամ), կրթությանը (525 միլիոն դրամ), ճանապարհաշինությանը (4.3 միլիարդ դրամ), վերականգնվող էներգիային (112 միլիոն դրամ), ջրամատակարարմանը (574 միլիոն դրամ), սոցիալական աջակցությանը (203.5 միլիոն դրամ), մշակութային ծրագրերին (123 միլիոն դրամ):
Ընդ որում՝ միայն Արցախում իրականացվել է դրանից 15 մլրդի ծրագիր՝ այդ թվում՝ բնակարանաշինություն՝ 10,3 միլիարդ դրամ, ճանապարհաշինություն՝ 4,3 միլիարդ դրամ, ջրամատակարարման ծրագրեր՝ 360 միլիոն դրամ:
2022-ին կազմակերպված 25-րդ հեռուստամարաթոնի շեշտադրումը՝ «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ», 2023-ին էլ պետք է շարունակել՝ կարծում է Հայկակ Արշամյանը: Խմելու ջրից մինչև կրթության լավ պայմաններ, կառուցվող նոր տներ և բժշկական կենտրոններ
Հայկակ Արշամյան - Կարծում եմ՝ սահմանային համայնքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայն հայության ուշադրության կենտրոնում։ Դրանով հիմնադրամը կապահովի թե՛ ծրագրային ճկունությունը, թե՛ իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները:
2022-ի հաշվետվությունը ներկայացնելուց հետո խորհրդի անդամները շարունակեցին քննարկումները՝ առանձին հարցերի, նաև 2023-ի բյուջեի հաստատման շուրջ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան