Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առավոտյան Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է սկսել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։
Շփումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Ռուսաստանի տարածքում չի կարելի արյունալի ջարդեր սանձազերծել։
Հաղորդագրության համաձայն՝ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով։ Բելառուսական կողմի տվյալով՝ այժմ սեղանին են իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ տարբերակներ, որոնք ներառում են՝ Վագների համար անվտանգության երաշխիքներ։